60398 դիտում
10:29 24-12-2015
Երևանում Ժողինստիտուտի 23-ամյա ուսանողը՝ «շումախերական» ավտովթարի հեղինակ. նրան մեքենայում բռնկված կրակի միջից դուրս են բերել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում՝ թիվ 113/1 տան մոտ, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջ-փրկարարներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները, վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն իրենց ուժերով Toyota մակնիշի 10 PN 101 համարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 32 շենքի բնակիչ, 23-ամյա Էդգար Գրիգորյանին, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության բրիգադը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Պարզվել է, որ վերջինս մեծ արագությամբ իր մեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Չարենցի 113/1 տան պատին, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ մեքենան էլ վերածվել է մոխրակույտի:
Վթարի հետևանքով վնասվել են նաև նշված հասցեի ավտովերանորոգման սրահի ապակիները, գովազդային վահանակը:
Քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում աում էին. «Եթե հրշեջներն ուշ ժամանեին, ապա կրակը կտարածվեր ավտոսրահի ներսում, իսկ այնտեղ լցված են անվադողեր, յուղե տարաներ, իսկ այդ ամենը բավական էր, որպեսզի կրակը գրոհեր տներով»:
Վարորդին հիվանդանոց տեղափոխած շտապ օգնության աշխատակիցն էլ ասում էր. «Եթե քաղաքացիները, տվյալ դեպքում՝ բնակիչները, ովքեր եղել են երիտասարդ տղաներ, չվտանգեին իրենց կյանքը, քանի որ կրակը վայրկենապես տարածվել էր և հնարավոր էր՝ տեղի ունենար պայթյուն, որովհետև ավտոմեքենան գազաբալով էր, վարորդին դուրս չբերեին մեքենայից, ապա ողբերգական ավարտ կունենար»:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին ասել են նաև, որ վարորդը հրաժարվում էր արյան անալիզ հանձնել, քանի որ նա գտնվում էր ոչ սթափ վիճակում. նրա վրայից ուժեղ խմիչքի հոտ էր գալիս, իսկ հիվանդանոցում էլ շոու էր սարքել:
Առաջին իսկ պահից դեպքի վայրում էին նաև «Սանիթեք» ընկերության աշխատակիցները, ովքեր կատարեցին ճանապարհի մաքրման և աղով մշակման աշխատանքներ, քանի որ հրշեջների՝ կրակը մարելուց հետո ճանապարհը դարձել էր վտանգավոր սառած լինելու պատճառով: Ժամանել էր նաև ԱՊՊԱ գործակալը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի և մոխրակույտի վերածված ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը հիվանդանոցում հայտնել է, որ ինքը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետի 3-րդ կուրսում, սակայն Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անցյալ տարի նրան համալսարանից հեռացրել են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+