211652_close_icon
views-count2343 դիտում article-date 22:20 21-12-2015

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը Տավուշի մարզում երեխաների համար կազմակերպել է ամանորյա միջոցառում. ֆոտոռեպորտաժ

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Այգեձոր համայնքի Մշակույթի տանը տեղի և Չինարիի երեխաների համար կազմակերպել էր ամանորյա միջոցառում, որի շրջանակներում Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները հանդես եկան «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացմամբ, որին ներկա էին նաև նշված համայնքների երեխաների ծնողները: Ներկայացումից հետո դահլիճ մտան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, որոնք ամանորյա նվերներ հանձնեցին դահլիճում ներկա բոլոր երեխաներին: Այդ օրը տարբեր պատճառներով բացակայող երեխաների նվերներն ուղարկվեցին իրենց հասցեատերերին: Ընդհանուր առմամբ հանձնվեցին նախատեսվածից ավելի նվերներ: Մինչ հանդիսությունների դահլիճում տիրում էին երեխաների խինդն ու ծիծաղը, Մշակույթի տան մարզական սենյակում՝ շախմատային սեղանների առջև, միմյանց հետ մրցում էին Այգեձոր համայնքի տղամարդիկ: Արդյունքում շախմատային թեժ մրցապայքարի բոլոր մասնակիցները «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության կողմից ստացան արժեքավոր նվերներ: Ընդհանուր առմամբ հավաքագրվել էր շուրջ 500 նվեր: Նվերների բազմազանության և առատության շնորհիվ «Մուսալեռ» տպագրատան կողմից նախաձեռնությանը հատկացված նվերների մի մասը հնարավոր եղավ փոխանցել Տավուշի մարզի Այգեպար համայնքի երեխաներին, մնացածն ուղարկվեց Շիրակի մարզի սահմանամերձ Արեգնադեմ և Ողջի գյուղերի կարիքավոր ընտանիքներին: Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Տավուշի (ՏաՀույս) թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ, ով երախտիքի խոսքեր հայտնեց, որից հետո օրհնեց միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում առաջին հերթին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավարությանը, ովքեր սեփական միջոցներով հոգացին իրենց ճանապարհածախսը, ամանորյա նվերներ տրամադրած «Civil Voice» կազմակերպությանը, «Մուսալեռ» տպագրատան ղեկավարությանը, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի ղեկավարությանը, Երևանի թիվ 50 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներին, Աբովյան քաղաքի 2-րդ և 5-րդ հիմնական դպրոցներին, որոնց տրամադրած փափուկ խաղալիքները փոխանցվել են «Պարգևենք ժպիտ» երիտասարդական ՀԿ-ին, ինչպես նաև բոլոր մյուս արժանապատիվ քաղաքացիներին, կազմակերպություններին, ովքեր հերթական անգամ ապացուցեցին՝ Մենք ուժեղ ենք ՄԻԱՍԻՆ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր