69077 դիտում
13:42 21-12-2015
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Lexus-ն ու Opel-ը. իսկ հետո մեքենաները բախվել են հաստաբուն ծառերին, կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Opel Astra մակնիշի 34 ՏF 559 համարանիշի և Lexus մակնիշի 34 ՍՏ 140 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառերին:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդները տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր է ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին մեքենաներից դուրս է բերել Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Փրկարարներին օգնել են քաղաքացիները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննիչները՝ բաժնի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ:
Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մելքումյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝մահացածը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ էր: Աշխատում էր տեղի դպրոցում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, խնամքին ուներ 3 երեխա և գյուղում բնութագրվում էր դրական, գործին գիտակ, բանիմաց մասնագետ, իսկ Opel-ի վարորդը մահացածի կնոջ եղբայրն է:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրանք Երևան էին գալիս՝ մահացածի երեխային հիվանդանոցից տուն տեղափոխելու:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+