Խոշոր ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, Lexus-ն էլ բախվել է ծառերին. 6 վիրավորներից 3-ը մանկահասակներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝  հունիսի 25-ին, խոշոր ավտովթար-հրդեհ  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Լուսառատ -Փոքր Վեդի գյուղամիջյան ճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լուսառատ գյուղի բնակիչ, 25-ամյա Արման Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 15 PN 155 համարանիշի և Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 31-ամյա  Գրիգոր Մաղաքյանի վարած  Lexus RX 300 մակնիշի 71 QP 100 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Lexus-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին:
Վթարի հետևանքով վարորդներից Ա. Պետրոսյանը և նրա ուղևորներ, համագյուղացիներ, 24-ամյա Հ. Գրիգորյանը, 2-ամյա Ա. Պետրոսյանը, 1-ամյա Մ. Պետրոսյանը,  և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 8-ամյա Ա. Պետրոսյանը  մարմնական  վնասվածքներով  տեղափոխվել  են Արարատի բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդ Գ. Մաղաքյանը տեղափոխվել է  Վեդու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների հետ փորձել են մարել Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին  վերածվել է  մոխրակույտի: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Զոհրաբյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


