211652_close_icon
views-count2543 դիտում article-date 19:26 18-12-2015

Ադրբեջանը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Դեկտեմբերի 18-ին ՊԲ հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով տեղակայված զորամասերի պահպանության վեց տեղամասերի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: Հայկական կողմի ակտիվ գործողությունների արդյունքում բոլոր վեց ուղղություններում հակառակորդի ձեռնարկած սադրիչ դիվերսիոն գործողությունները կանխվել են, նախահարձակ գործողությունները ճնշվել են: Ցավոք, դիրքերից մեկում մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական դիվերսիոն գործողությունները, որով Ադրբեջանը արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը: Հստակ գիտակցելով, որ տվյալ գործողությունները անհետևանք չեն մնալու, ադրբեջանական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը:

Նմանատիպ նյութեր