211652_close_icon
views-count845 դիտում article-date 17:43 16-12-2015

Համատեղ ջանքերով հնարավոր կլինի ունենալու անչափահասների արդարադատության և շահերի պաշտպանության առավել արդիական համակարգ. Արդարադատության նախարար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի առաջին նիստին: Խորհուրդը ստեղծվել է Արդարադատության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Նախարարը կարևորել է Խորհրդի ստեղծումը և գործունեությունը՝ նշելով, որ այն կլուծի երեխաների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, կսահմանի և առաջ կտանի համալիր միասնական մոտեցումներ, ռազմավարություն և դրանցից բխող քայլեր։ «Այսօրվա հանդիպման նպատակը և արդյունքը երեխաների բարօրությունն է: Այն հարթակը, որի ստեղծման շուրջ մենք հավաքվել ենք, մի հիմնական նպատակ ունի՝ ավելի խթանել, միավորել և համատեղ ջանքերով ստեղծել անչափահասների արդարադատության արդյունավետ համակարգ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարության՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացված օրենսդրության վերլուծության նախնական արդյունքներով՝ օրենսդրության մեջ անչափահասների իրավունքների պաշտպանության առումով առկա են որոշակի բացեր, բացակայում են մի շարք մեխանիզմներ և ծառայություններ՝ տարբեր կարգավիճակում հայտնված երեխաների համար: «Նշված խնդիրների լուծումները կտրվեն նոր Քրեական, Քրեական դատավարության, Քրեակատարողական օրենսգրքերում, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում և այլ օրենսդրական ակտերում»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնելու նախանշած արդյունքներին և ունենալու անչափահասների արդարադատության և շահերի պաշտպանության առավել արդիական համակարգ: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի խոսքով՝ որևէ երաշխիք չկա, որ այս կամ այն երեխան իրավապահ մարմիններում մի օր չի հայտնվի: «Նույնիսկ, եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ: Հենց այդ պատճառով արդարադատությունը երեխաների համար պետք է լինի հասանելի և մատչելի»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը և ոլորտի բարեփոխման ճանապարհին կարևորել երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր կառույցների համատեղ ու արդյունավետ աշխատանքը: Տանյա Ռադոչայը դրական է գնահատել այս նպատակի իրականացմանն ուղղված ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքները, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանում շատ քիչ են ազատազրկված երեխաները:

Նմանատիպ նյութեր