211652_close_icon
views-count5530 դիտում article-date 19:00 09-12-2015

Դուռդ փակ պահես-չպահես՝ գողը կգողանա, եթե ուզենա

Ժողովուրդներ կան, որտեղ գողերը հարգված մարդիկ են, գողությունը՝ հարգված մասնագիտություն, օրինակ՝ գնչուները: Արաբական հեքիաթներ կան, որտեղ գողը հեքիաթի հերոս է: Իտալական, հրեական, ռուսական մաֆիաների, բանդաների մասին սրտաճմլիկ, զգայացունց պատմություններ կան: Բայց կան ժողովուրդներ, որտեղ գողություն գրեթե չկա, գողերին չեն հարգում: Այսինքն՝ գողությունը բնորոշ չէ մարդուն ընդհանրապես, այլ ձեռքբերովի արատ է:

Գողերի և գողության մասին ժողովրդական-մշակութային-բարոյական պատկերացումներն են որոշում գողության և գողերի նկատմամբ հասարակության դրական կամ բացասական վերաբերմունքը, և ըստ այդմ նրանց հասարակական դիրքը:

«Դուռդ փակ պահիր, հարևանիդ գող մի անվանիր» ասացվածքն ազդում է մարդու աշխարհայացքի ձևավորման, և մասնավորապես՝ գողության հասարակական ընկալման վրա: Ասացվածքն ասում է, որ կա գող, և նա շատ հնարավոր է լինի հարևանդ, քո նման, քեզ շատ մոտիկ մեկը, գրեթե՝ Դու, որը կարող է բնակարանային գողություն կատարել, մտնել տունդ այն դեպքում, եթե դուռդ փակ չպահես: Ինչպես նաև՝ հարևանդ կարող է դուռը բաց պահել և Ձեզ մեղադրել գողության մեջ:

Ստացվում է, որ գողությունը բնորոշ է մարդուն, բնական բան է, ինչպես ճանճը, որը կգա-կնստի հացիդ վրա, եթե պատուհանդ բաց պահես: Այս ասացվածքը կրկնողը միգուցե փակում է իր դուռը հարևանի առաջ, բայց գողի առաջ բացում է դռները, գողին դարձնում է հարևանի նման ծանոթ ու մոտիկ բան:

Այս ասացվածքը գողության ժողովրդական մայրն է: Օրինակ՝ Կալիֆորնիայում սպիտակների թաղամասում տների դռները բարակ փայտից են, կեսը ապակեպատ, հասարակ կողպեքով: Իսկ սևերի և մեքսիկացիների թաղամասում դռները հաստ երկաթից են, մի քանի փականքներով: Երկրներ կան, որտեղ տան դրսի դուռը ընդհանրապես չեն կողպում, և այդտեղ գողություն չկա:

Օրինակ՝ սկանդինավյան երկրներում գողության մակարդակը շատ ցածր է: Գողերը հարգված չեն: Այդ երկրամասում մի երկիր կա, որտեղ նունիսկ բանտ ու ոստիկանություն չկա: Թյուր է նաև այն կարծիքը, թե գողությունը սոցիալական հիմք ունի: Մարդիկ կան, որ կարող են քաղցած մեռնել, բայց գողություն չեն անում: Թյուր է նաև գողության կենսաբանական հիմքի մասին դատողությունները:

Օրինակ՝ շունս սոված կսատկի, բայց սեղանից չի գողանա, որովհետև նրան այդպես եմ վարժեցրել: Այսինքն գողությունը սոցիալ-վարքաբանական երևույթ է, և ամբողջովին պայմանավորված է հասարակական արժեքներով ու մտածողությամբ: Գողությունը կարելի վերացնել ճշմարիտ կրթության միջոցով, որի հայեցակարգային առանցքային խնդիրը ազնիվ և ազատ անհատի ձևավորումն է: Թե չէ, ինչպես էլ կողպես դուռդ, գողը, եթե իսկական գող է, կբացի ու կգողանա գանձերդ, խնայողություններդ, ձայներդ:

Ընտրակեղծիքը գողության մի տեսակ է, երբ գողանում են ընտրողների քվեները, ձայները: Այս հարցում խորհուրդ է տրվում՝ «Մեծացրու ընտրատեղամասերում վերահսկողությունը և մրցակցիդ գող մի անվանիր»: Դա նույնն է, թե «Դուռդ փակ պահիր, հարևանիդ գող մի անվանիր»: Դեռ պարզ չէ՞, որ երևակայական և անհիմն այս խորհուրդն այլասերում է մարդուն, մղում գողության և սատանի թիրախ դարձնում:

Թաթուլ  Մկրտչյան

Նմանատիպ նյութեր