211652_close_icon
views-count1482 դիտում article-date 12:59 08-12-2015

Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացում

Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայի Մարտիգի քաղաքապետարանի, հայ համայնքի միասնական ջանքերով, ինչպես նաև Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ, Մարտիգ քաղաքի Լապիդեր հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը, որին հաջորդեց օրհնության ու օծման արարողությունը՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանայի ձեռամբ։ Միջոցառմանը ներկա էին Մարտիգի պատգամավոր-քաղաքապետ Գաբի Շարուն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարտիգի տարածքի պատվավոր նախագահ Հենրի Կամբեսեդեսը, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդական Ժերար Ֆրոն, Մարտիգի հայկական կազմակերպության նախագահ Պասկալ Եզգիլյանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Մարտիգի պատգամավոր-քաղաքապետ Գաբի Շարուն իր խոսքում ասաց, որ խաչքարի բացման նպատակը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին իրազեկելն է 1915 թվականին հայերի հանդեպ տեղի ունեցած Ցեղասպանության մասին: Նա նշեց նաև, որ ժխտողականությունը դատապարտելի է, Հայոց ցեղասպանությունը դա անժխտելի փաստ է, որի վառ ապացույցն են ֆրանսիահայությունը և Մարտիգի պատվավոր քաղաքացի 100-ամյա Իվ-Տիգրան Արթինյանը, ով մասնակցում է այսօրվա միջոցառմանը: Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քաղաքապետին խաչքարի տեղադրման առիթով: Այնուհետև նա անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին և հայ համայնքի ու Մարտիգի տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին, որի արդյունքը այսօրվա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացումն է: Խաչքարի բացման արարողությանը հաջորդեց Մարտիգի քաղաքապետարանում ցուցադրվող Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Բուշ-դյու-Ռոնի հայերի հիշողությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Վերջում ցուցադրվեց Նիկոլա Բալիքի «Հայերը Մարտիգում» փաստավավերագրական ֆիլմը: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից։ [img]/ups/images/0031138001449561807718246.jpg[/img]

Նմանատիպ նյութեր