211652_close_icon
views-count803 դիտում article-date 16:52 04-12-2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Գալուստ Սահակյանը ողջունել է նորանշանակ դեսպանին Ազգային ժողովում եւ շնորհավորել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը եւ կարեւորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում դեսպանների դերը՝ հորդորել է նորանշանակ դեսպանին ջանքեր գործադրել առավել զարգացնելու առկա հարաբերությունները: Գալուստ Սահակյանը նշել է. «Հայ-իրանական փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր բնագավառներում. երկկողմ տնտեսական հարաբերություններում դրական տեղաշարժ է գրանցվել»: Ազգային ժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների խորհրդարանների պատգամավորական խմբերի գործունեության վերաբերյալ: ԱԺ նախագահի խոսքով՝ խորհրդարանական մակարդակով երկխոսությունը խթանում է համագործակցությունը բոլոր բնագավառներում: Գալուստ Սահակյանը նշել է, որ քաջատեղյակ է հայ-իրանական համատեղ ծրագրերին եւ հույս հայտնել, որ Սեյեդ Քազեմ Սաջադին իր գործունեությամբ կնպաստի դրանց իրականացմանը եւ նոր ծրագրերի նախագծմանը: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ ինչպես միշտ խորհրդարանը կհամագործակցի իրանական դեսպանության հետ եւ կաջակցի նոր ծրագրերի իրականացմանը: Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ուրախ է իր դիվանագիտական առաքելությունն սկսել Հայաստանում: Ըստ նորանշանակ դեսպանի՝ պետք է նպաստել հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների առավել խորացմանը եւ բոլոր բնագավառներում համագործակցության զարգացմանը: Դեսպանը ՀՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել իր պաշտոնավարման ընթացքում իրականացվելիք ծրագրերը, ընթացքի մեջ գտնվող նախագծերը, որոնք իրականացվում են առողջապահության, կրթության, մշակույթի եւ տնտեսության ոլորտներում: Սեյեդ Քազեմ Սաջադին, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշել է, որ հետամուտ կլինի խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության եւ փոխայցելությունների ակտիվացմանը:

Նմանատիպ նյութեր