211652_close_icon
views-count919 դիտում article-date 15:41 11-02-2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական հարաբերություններն ավելի կզարգանան եւ կխորանան: Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում, եւ Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը դրա վկայությունն է: Հայաստանում Չեխիայի լիարժեք դեսպանատան բացման կապակցությամբ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այն կնպաստի քաղաքական երկխոսության շարունակականության ապահովմանը, առեւտրատնտեսական համագործակցությանը եւ մարդկային շփումների ակտիվացմանը: Խոսելով միջխորհրդարանական դիվանագիտական հարաբերությունների մասին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է. «Այսօր բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում: Այս առումով պետք է նշեմ, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Խորհրդարանական մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միմյանց աջակցելու տեսանկյունից»: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած հավասարակշիռ դիրքորոշման համար: Խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում. Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից, իսկ Արեւելյան գործընկերության շրջանակներում եվրոպական մերձեցումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է: Դեսպան Պետր Միկիսկան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Համագործակցության առումով դեսպանը կարեւորել է հատկապես տնտեսական ոլորտը, որը նախորդ տարի թեւակոխել է նոր ու առավել արդյունավետ փուլ:

Նմանատիպ նյութեր