Դիարբեքիրում եթերի ժամանակ սպանվել է Փաստաբանների ասոցիացիայի նախագահը. տեսանյութ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել քուրդ զինյալների ու ոստիկանության միջև, որի ժամանակ սպանվել է Դիարբեքիրի փաստաբանների պալատի քուրդ նախագահ, հայտնի փաստաբան Թահիր Էլչին, հաղորդում է Hurriyet-ը:
Փոխհրաձգության ժամանակ սպանվել է նաև ոստիկաններից մեկը: Հրազենային վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի հոգի: Տուժածների մեջ են Anadolu և Dogan Haber լրատվական գործակալությունների թղթակիցները: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էլչին ուղերձով դիմում էր տեղում եթեր իրականացնող մամուլի ներկայացուցիչներին:
Հայտնի քուրդ փաստաբանը ավելի վաղ ձերբակալվել էր ոստիկանության կողմից, քանի որ հայտարարել էր, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական չէ, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել քաղաքից չբացակայելու պայմանով: