3088 դիտում
15:41 27-11-2015
Գյուղնախարարը հանդիպել է մսամթերք արտադրողների հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է հանրապետության մսամթերք արտադրողների հետ` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի մսամթերք արտադրողների միության նախագահ Արամայիս Բիլյանը, ոլորտում գործող մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:
«Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ստեղծվել և գործում է Հայաստանի մսամթերք արտադրողների միությունը, և այսօրվա մեր հանդիպումը նպատակ ունի համատեղ քննարկել առկա խնդիրները` դրանց արդյունավետ լուծումներ տալու նպատակով », – նշել է իր բացման խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության արդյունքում էականորեն դյուրինացել են հայրենական արտադրանքի արտահանման գործընթացները, սակայն մսամթերքի արտահանման ծավալները դեռևս բավարար չեն և այդ ուղղությամբ պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկել:
Սերգո Կարապետյանը նաև հավելել է, որ ՌԴ-ի կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար։ Բացի այդ, մեր արտադրողներն արդեն կարող են ռուսական շուկա արտահանել նաև բաստուրմա և սուջուխ, ինչը ևս մեկ խթան է մսամթերքի արտահանման ծավալների ավելացման համար:
Իրենց հերթին մի շարք արտադրողներ նշել են, որ արտահանման ծավալներն այս պահին ավելանում են, հայկական մսամթերքը որակյալ է, մրցունակ և ճիշտ աշխատանքի դեպքում կարող է մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն առանձնահատուկ շեշտել է տեղական շուկայում մսի իրացման հարցերի կարգավորման անհրաժեշտությունը: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման արդյունքում` հեռագնա լեռնային արոտավայրերի ջրարբիացման շնորհիվ հանրապետությունում զգալիորեն ավելացել է անասնագլխաքանակը և հորդորել է մսամթերք արտադրողներին հատկապես նախատոնական առևտրի շրջանում, երբ գյուղատնտեսական կենդանիների մորթն ավելանում է, աջակցել գյուղացիական տնտեսություններին մսի իրացման հարցում:
Նախարար Կարապետյանն առաջարկել է ընկերություններին առավել ակտիվորեն համագործակցել սպանդանոցների հետ, ինչը նրանց հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանն ապահովել առավել անվտանգ, որակյալ մսամթերքով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի զարգացման առնչվող մի շարք այլ հարցեր ևս:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
2481 դիտում
13:17 22-02-2016
ՀՀ գյուղնախարարը Հնդկաստանում հանդիպել է գյուղտեխնիկա արտադրողների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
1167 դիտում
16:53 05-11-2014
Ստորագրվել է Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր պայմանագիրն ու հաստատվել կանոնադրությունը
1767 դիտում
21:46 05-08-2019
Նախարար Խաչատրյանը հանդիպել է մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
778 դիտում
19:19 03-12-2024
Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ. Աշոտյան