Արցախի Հանրապետության վարչապետը հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 24-ին և 25-ին հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում հայկական համայնքի քաղաքական, տնտեսական և հոգևոր ոլորտների մի շարք ներկայացուցիչների հետ:
Հայ հեղափոխական դաշնակցություն, Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում վարչապետը բարձր է գնահատել նրանց դերը հայապահպանության և ազգային նշանակության այլ հարցերի լուծման ուղղությամբ կատարվող քայլերում: Կողմերը քննարկել են համահայկական կարևորության և Արցախի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախի զարգացման գործին, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր տունը» ծրագրին, որը նպատակ ունի բնակարաններով ապահովել բազմազավակ ընտանիքներին:
Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում կազմակերպված ընդունելության ժամանակ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական և տնտեսական ընթացիկ իրավիճակն Արցախում, ինչպես նաև՝ առաջիկա տարիների հիմնական ծրագրերը: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը հորդորել են ներկաներին ակտիվ մասնակցություն բերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին:
Վարչապետն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան՝ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Ա. Հարությունյանը հանդիպումներ է ունեցել նաև մի խումբ բարերարների հետ, նրանց հետ քննարկել համագործակցության հնարավորությունները:
Նոյեմբերի 26-ին վարչապետ Հարությունյանը մասնակցելու է ամենամյա հեռուստամարաթոնին՝ դրանով եզրափակելով ԱՄՆ իր աշխատանքային այցը:
Տարբեր հանդիպումների ժամանակ վարչապետին ուղեկցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: