211652_close_icon
views-count53888 դիտում article-date 17:51 26-11-2015

Վանաձորի քաղաքապետի ազգականը «7 երգ գիտի, 7-ն էլ` մեղրի մասին», կամ ինչու էր «անպոչ գդալի նման մեջտեղ ընկնում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 26-ին, Վանաձորում կայացավ ներքաղաքային երթուղիների սպասարկման մրցույթ: Մրցույթին մասնակցում են «Դիկտիս» ՍՊԸ-ն, որը սպասարկում է թիվ 1 երթուղին, ինչպես նաև նոր հայտ է ներկայացրել «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ն: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցույթին ներկա էին Լոռու մարզպետարանի տրանսպորտի վարչության պետը, առևտրի և սպասարկման տրանսպորտը համակարգող բաժնի ղեկավարը, մարզպետարանի պատասխանատուներ, տրանսպորտի և կապի նախարարության Լոռու և Տավուշի մարզերի տարածքային տրանսպորտի տեսչության բաժնի պետը, Վանաձոր քաղաքի ավագանու անդամներ, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ: Ստեղծված հանձնաժողովը առանձին- առանձին ստուգում էր մրցույթին մասնակցող ընկերություններին պատկանող տրանսպորտային միջոցները (մարդատար ГАЗель), օրենքով սահմանված պարտադիր նորմերի համապատասխանությունը և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը, վարորդների փաստաթղթերի ճշգրտությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Դիկտիս» ՍՊԸ-ի սեփականատերն է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 54-ամյա Վիկտոր Ալբերտի Դարբինյանը, ով օրեր առաջ դիմել էր Լոռու մարզի դատախազություն, հայտնելով, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Վանցիկի Դարբինյանը իր հարազատ եղբոր` Սեյրանի հետ չարաշահելով իրենց պաշտոնական լիազորությունները` այս տարվա մարտ ամսից բանավոր սպառնալիքների և այլ գործողությունների միջոցով փորձում են ահաբեկել իրեն, որպեսզի ինքն իր ընկերության գործունեության լիազորությունները դադարեցնի: Վ. Դարբինյանը Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի հորեղբոր տղան է: Մրցույթային հանձնաժողովի անդամները առանց տարբերություն դնելու մրցակիցների մեջ` մանրակրկիթ ստուգում էին տրանսպորտային միջոցները: Երբ Վ. Դարբինյանի վարորդներից հետաքրքրվում էին` ավտոմեքենաների մեջ տեղադրված են կրակմարիչ, բժշկական արկղ (ապտեչկա), գրեթե մեծ մասը պատասխանում էին , որ մեքենայում է: Իսկ երբ հանձնաժողովականները խնդրում էին ցույց տալ` նրանք և Վ. Դարբինյանը հայտնվում էին հայտնի «Տաքսի- տաքսի» կատակերգության գլխավոր դերակատար Փչան Թոդորոսի վիճակում. «Ունենք, բայց հիմա մեքենայի մեջ չի»: Մի քանի վարորդներ էլ ասում էին. «Ճիշտ է` անվադողերը մաշված են, սակայն նորը ունեն, պարզապես չեն հասցրել փոխել»: Վ Դարբինյանին պատկանող մի քանի ГАЗель-ներ պահպանել էին համապատասխան կարգը, սակայն հավաքված քաղաքացիների մեծ մասը տեսնելով մյուս կողմի ГАЗель-ները, ասում էին, որ կգերադասեին երթևեկել այդ ГАЗель-ներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անգամ մի պահ Դարբինյանը փարձում էր իր կամքը թելադրել հանձնաժողովականներին, բայց հանձնաժողովականները կարողացան կանխել նրան, ասելով` թողեք ազատ աշխատենք: Հավաքված քաղաքացիների մի մասն էլ տեսնելով, որ Վ. Դարբինյանը անընդհատ մեջ էր ընկնում հանձնաժողովականների խոսք ու զրույցի ժամանակ, ասում էին. «Լրիվ անպոչ գդալի նման մեյդանա հելել, չի թողնում հանձնաժողովը աշխատի»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մրցույթի արդյունքները հայտնի կլինեն մի քանի օրից և հանձնաժողովը պետք է վերջնական որոշի, թե նշված ՍՊԸ-ներից ով է սպասարկելու ներքաղաքային երթուղին Վանաձորի քարքուքանդ եղած մարդաբոյ փոսերում, իսկ մինչ այդ քաղաքապետ Ս. Դարբինյանը ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները կվերսկսի, մանավանդ եղանակները դեռ անձրևային չեն, իսկ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է Վանաձորի քաղաքապետարանը անձրևային եղանակներին ջրափոսերի մեջ ասֆալտապատման աշխատանքներ կատարում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր