Դեսպան Ադոնցը հանդիպում է ունեցել Մադրիդի քաղաքապետի հետ
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի հանդիպումը Մադրիդի քաղաքապետ Մանուելա Կարմենա Կաստրիրոյի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-իսպանական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին: Այդ համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներ տանել հնարավոր համագործակցության ոլորտների հստակեցման, նախագծերի մշակման և այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկման ուղղությամբ: Շեշտվեց քաղաքապետարանների տարբեր ոլորտների պատասխանատուների միջև կապերի հաստատման կարևորությունը:
Համայնքային կյանքի կազմակերպման խնդիրների շուրջ ծավալված քննարկումների համատեքստում քաղաքապետ Մանուելա Կարմենան կարևորեց հայ համայնքի դերն ու նշանակությունը Մադրիդի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում` վերահաստատելով իր պատրաստակամությունն ամենայն աջակցություն ցուցաբերել համայնքային կյանքի կազմակերպմանն ու մադրիդահայերի ինտեգրմանն օգնելու գործում, ինչը, նրա խոսքով, համահունչ է իր՝ Մադրիդը «միջազգայնացնելու» փիլիսոփայությանը:
Հաշվի առնելով Հայաստանում իսպաներենի և իսպանական մշակույթի նկատմամբ հետաքրքրվածությունը, ինչպես նաև Երևանում գործող իսպաներենի խորացված ուսուցումով հանրակրթական դպրոցի և բուհերի առկայությունը՝ քննարկվեցին հումանիտար ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման հնարավորությունները: Երկուստեք հնարավոր համարվեց իրագործել համատեղ դպրոցական, բուհական, հետբուհական կրթական ծրագրեր:
Հայաստանը Իսպանիայում, իսկ Իսպանիան և Մադրիդը Հայաստանում առավել ճանաչելի և գրավիչ դարձնելու համատեքստում կողմերը կարևորեցին մշակութային ծրագրերի, մասնավորապես՝ ցուցահանդեսների, համերգների կազմակերպումն ու անցկացումը, մշակութային գործիչների փոխայցելությունները:
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին՝ դեսպան Ադոնցը տեղեկացրեց, որ հայկական ընկերություններն արդեն մի քանի տարի է՝ կանոնավոր կերպով մասնակցում են Մադրիդում ամեն տարի անցկացվող Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին (FITUR):
ՀՀ դեսպանը քաղաքապետին ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Մադրիդում իրականացված միջոցառումները և դրանց խորհուրդը: