Սերժ Սարգսյանը Գանձասարում ներկա է գտնվել Մատենադարանի մասնաշենքի բացման արարողությանը (լուսանկարներ)
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 21-ին Գանձասարում ներկա է գտնվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան-գանձասար» գիտամշակութային կենտրոնի՝ Մատենադարանի մասնաշենքի բացման արարողությանը:
Կենտրոնը կազմված է գիտական և թանգարանային մասերից, գիտաժողովների, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից: Նորաբաց ցուցասրահներում ներկայացված են Արցախում վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ստեղծված 100-ից ավելի ձեռագրերի, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, ինչպես նաև հնատիպ գրքեր: Ցուցանմուշների ստեղծման աշխատանքները մեկնարկել են յոթ տարի առաջ և պատասխանատուների հավաստմամբ ունենալու են շարունակական բնույթ:
Բացման արարողության կապակցությամբ տեղի է ունեցել Մատենադարանի գիտաշխատողների «Արցախի մանրանկարչական արվեստը» և «Արցախի գրչության կենտրոնները» գրքերի շնորհանդեսը։ Գանձասարի գիտամշակութային կենտրոնի բացման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը կենտրոնին նվիրաբերել է 12-13-րդ դարերի Գյուլիստանի Ավետարան:
Մատենադարանի շենքը հիմնանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով։ Մասնաճյուղը գործելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կառուցվածքում, և նրա լիարժեք գործունեությանն ուղղված աշխատանքներում կիրառվելու է Մատենադարանի գիտական ու գիտատեխնիկական ողջ ներուժը։