211652_close_icon
views-count2427 դիտում article-date 20:21 18-11-2015

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին. ֆոտոռեպորտաժ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ով Հայաստան է ժամանել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության համակարգման կարևոր և հաջողված ձևաչափ է: Ընթացիկ տարում, Նախագահի գնահատմամբ, հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում ունեցած կարևոր ձեռքբերումներից էր Առևտրի և ներդրումների խրախուսման մասին (TIFA) շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչը նաև հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին է վկայում: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրել, և դա տեղի է ունեցել երկուստեք ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և այլն, որոնց շրջանակներում տարեցտարի նոր ձեռքբերումներ են արձանագրվում: Հայաստանը և Միացյալ Նահանգները ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության ձևաչափերում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ Հայաստանի տն-տեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՆ ջանքերը: Նախագահը կարևորել է նաև Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահող երկրի, շարունակական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ևս բարձր է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ Հայաստան է ժամանել առաջին հերթին Միացյալ Նահանգների գնահատանքը հայտնելու անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության համար, որը, ըստ նրա, հատկապես կարևոր է գնահատվում համաշխարհային վերջին զարգացումների և Փարիզում տեղի ունեցածի համատեքստում: «Միացյալ Նահանգները և Հայաստանը գործընկերներ են խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանն առնչվող տարաբնույթ հարցերում: Մենք բարձր ենք գնահատում գլոբալ անվտանգության ոլորտում Հայաստանի ներդրումը, մասնավորապես՝ 2004թ.-ից Կոսովոյում և 2010թ.-ից Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, 2014թ.-ից Լիբանանում՝ ՄԱԿ-ի շրջանակում, իսկ վերջերս Խաղաղապահության հարցերին նվիրված ՄԱԿ-ի վեհաժողովում, Հայաստանն հայտարարեց ամբողջ աշխարհում խաղաղապահ առաքելություններին աջակցելու իր պատրաստակամության մասին: Ուրախ եմ լինել այստեղ՝ Երևանում և օգնել մեր երկու երկրների միջև առևտրային կապերի սերտացմանը՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի միջոցով: Մենք, տեղի մեր գործընկերների հետ, շարունակում ենք աշխատել՝ աջակցելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական զարգացման, այդ թվում նաև սահմանադրական բարեփոխումների դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեի թափանցիկության, ներառականության ու ներկայացուցչականության հարցերում»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Բրիջիթ Բրինքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր