Ողբերգական դեպք Երևանում. 30-ամյա տղամարդը սեփական տան այգում ինքնասպան է եղել
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ահարոնյան փողոցի 28 տան այգում ծառից կախված տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 30-ամյա Ռուսլան Խ.-ն է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի