Փարիզում փնտրում են 17-ամյա հայ աղջկա և նրա հորը
Փարիզում փնտրում են երկու ֆրանսահայերի` 17-ամյա աղջկա և նրա հորը: Այս մասին «[url=http://armenpress.am/arm/news/825848/parizum-pntrum-en-17-amya-hay-axjka-ev-nra-hory-/lracvats/.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրել է Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը ֆրանսիայից։
17-ամյա Լոլայի ընտանիքը անձկությամբ սպասում է լուրերի: Նրանց ասվել է, որ պետք է սպասեն մինչև առաջիկա երկուշաբթի:
Եվս երկու հայ երիտասարդներ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից:
«Երկու հայ երիտասարդներ «Բատակլան» համերգասրահում էին, սակայն, բարեբախտաբար, ահաբեկիչների ներխուժման պահին զուգարան էին գնացել, և հրազենի ձայնը լսելով` փախուստի էին դիմել ու փրկվել»,- պատմել է Չոբոյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 128 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: