211652_close_icon
views-count1342 դիտում article-date 21:40 13-11-2015

ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թեհրանում տեղի է ունեցել Հայաստան-Իրան գործարար համաժողով

Նոյեմբերի 9-ին Թեհրանում՝ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստան-Իրան գործարար համաժողով: Համաժողովին մասնակցող նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը կազմված էր 66 հոգուց, որից 49-ը՝ գործարարներ: Հայկական պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչները: Իրանական կողմից համաժողովին մասնակցել են արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն, նախարարի տեղակալ, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Վալիոլլահ Աֆխամին, Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրը, ԻԻՀ ԱԳՆ և այլ պետական պաշտոնյաներ, իրանցի շուրջ 300 գործարարներ և ընկերությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համաժողովի բացմանը ելույթներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն, նախարարի տեղակալ, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Վալիոլլահ Աֆխամին, Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Սաջջադին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Իրանի արտահանումների երաշխավորման հիմնադրամի գլխավոր տնօրեն Քազեմ Սեյեդ Ալին: Իր ելույթի մեջ Նախարար Ճշմարիտյանը ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վիճակը, տարբեր ոլորտներում ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման նախադրյալները և նոր քաղաքական պայմաններում զարգացման հնարավոր ուղղությունները: Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը ներկայացնելիս նա նշել է, որ նպատակը տարբեր երկրների հետ բազմաբնույթ տնտեսական կապերի հաստատումն ու եվրասիական տարածաշրջանի հնարավորությունների օգտագործումն է: Նա ընդգծել է, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ «Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները զրոյական մաքսատուրքերով արտահանվում են միության անդամ երկրներ: Կարեն Ճշմարիտյանը հավելել է, որ միևնույն ժամանակ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) շնորհիվ հայկական բազմաթիվ ապրանքատեսակներ զրոյական կամ ցածր մաքսատուրքերով կարող են արտահանվել ԵՄ անդամ 28 երկրներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել արտասահմանյան ներդրումներին` հավելոլով, որ իրանական ընկերությունները հումք կամ կիսապատրաստի ապրանքներ ներմուծելով Հայաստան այն կարող են վերածել վերջնական արտադրանքի և արտահանել երրորդ երկրներ՝ օգտվելով Հայաստանի արտաքին առևտրի վերոնշյալ արտոնյալ տարբեր ռեժիմներից: Իր խոսքում Կարեն Ճշմարիտյանը նաև ներկայացրել է ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիները՝ «Ալյանսը» և «Մերիդիանը»: Նա նաև անդրադարձել է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցմամբ հայ-իրանական տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարներին: ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն իր ելույթի մեջ նշել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքականին և մեծ ներուժ կա առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար: Նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն ասել է, որ իրանական ինժեներատեխնիկական և կապալառու ընկերությունները, որոնք հայկական կողմի հետ աշխատանքի փորձ ունեն, կարող են ընդլայնել իրենց ծառայությունները Հայաստանում: Մոհամմադռեզա Նեմաթզադեն ողջունել է Հայաստանում իրանական գործարար շրջանակների կողմից ներդրումներ կատարելու նախարար Ճշմարիտյանի առաջարկությունը և նշել, որ իրանցի գործարարները Հայաստանում կարող են համատեղ արտադրություններ հիմնել, և այդ արտադրանքը, բացի Հայաստանի կարիքները հոգալուց, կարող է արտահանվել հարևան երկրներ: Իրանցի նախարարը ընդգծել է ԵԱՏՄ հետ արտոնյալ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների արագացման անհրաժեշտությունը, քանի որ ինչքան շուտ այդ պայմանագիրը կյանքի կոչվի, այնքան արագ տեմպերով տեղի կունենա երկողմ առևտրատնտեսական աճը: Մոհամմադռեզա Նեմաթզադեն նաև ներկայացրել է Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հայկական կողմի հետ ընթացող քննարկումները: Բանախոսներն իրենց ելույթների մեջ նշել են, որ երկկողմ առևտրաշրջանառության ներկա ծավալը, որը կազմում է մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլար, կարելի է հասցնել մեկ միլիարդի: Համաժողովի պաշտոնական մասի ավարտին Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալության և Իրանի արտահանումների երաշխավորման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Համաժողովի բացման ավարտից հետո հայ և իրանցի գործարարների միջև տեղի են ունեցել հանդիպումներ B2B ձևաչափով: Այդ հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ գործնական շփումներ և քննարկվել են տնտեսական համագործակցության մի շարք ծրագրեր: Համաժողովի շրջանակներում նոյեմբերի 8-10-ը Թեհրանում գտնվող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը առանձին հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի, կենտրոնական բանկի կառավարիչ Վալիոլլահ Սեյֆի և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ: Հայկական պատվիրակության անդամներ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը հանդիպել է իրանցի իր գործընկերոջ, իսկ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր