211652_close_icon
views-count8379 դիտում article-date 19:03 28-11-2017

Միտված նոր կապերին և արդյունքներին. տեղի է ունեցել Հայաստան-Իրան գործարար համաժողով

Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը երկու երկրների ձեռներեցների և տնտեսական ոլորտի պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպել է Հայ-իրանական գործարար համաժողով։ Հարևան երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համաժողովին մասնակցել են շուրջ 150 գործարարներ։ Իրանցի ձեռներեցներին ներկայացվել են Հայաստանի գործարար հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիները, հարկային կարգավորումները, արտոնյալ առևտրային ռեժիմները։ «Կարծում եմ, այս համաժողովը նախորդների նման նույնպես միտված կլինի նոր գործարար կապերի ստեղծմանը և ավելի շատ՝ արդյունքներին»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։ «Առայժմ չենք կարողացել մուտք գործել ԵԱՏՄ, այդ պատճառով անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել աշխարհաքաղաքական իրավիճակը և մեր հարաբերությունների ամբողջ ներուժը»,- նշել է Իրան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանիանը։ «Հայաստանի զարգացման հիմնադրամն աջակցության և հետսպասարկման արդյունավետ գործիքներ ունի, որոնք ուղղված են արտահանմանը և ներդրումներին։ Իսկ մեր երկրում իրանցի ձեռներեցների համար գործարարությամբ զբաղվելը շահավետ կլինի նաև 23 տոկոսով ավելի մատչելի, բայց ավելի որակյալ աշխատուժի ու ֆինանսական կայունության շնորհիվ»,- նշել է ՀԶՀ Միջազգային հարաբերությունների թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։ Համաժողովի մասնակիցներին ողջունել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Համաժողովի երկրորդ հատվածում ՀԶՀ աջակցությամբ, երկու երկրներից շուրջ 150 գործարարներ դեմ առ դեմ հանդիպել ու քննարկել են համատեղ նախագծեր։ B2B-ներին ավելի քան 50 իրանցի, 80 հայաստանցի և մեր երկրում գործունեություն ծավալող 20 իրանցի գործարարներ դիտարկել են սննդարդյունաբերության, ինժեներատեխնիկական ծառայությունների, թեթև արդյունաբերության, առևտրի ոլորտներին առնչվող ծրագրեր։

Նմանատիպ նյութեր