211652_close_icon
views-count1390 դիտում article-date 20:42 11-11-2015

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ծրագրերին. ֆոտոռեպորտաժ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 11-ին մեկնել է Մարտունու շրջան և մի շարք համայնքներում ծանոթացել «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ծրագրերի ընթացքին: Գործադիր իշխանության ղեկավարը նախ մասնակցել է Ներքին Ճարտարում բարեգործական ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան շենքերի հիմնարկեքի արարողությանը: «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» միջոցներով սպայական ընտանիքների համար կառուցվող երկու շենքերից յուրաքանչյուրը կունենա 24 բնակարան. ծրագրով նախատեսված է կառուցել նաև խաղահրապարակ, ավտոկայանատեղի և այլ ենթակառուցվածքներ: Վարչապետը ողջունել է հիմնադրամի նախաձեռնությունը և նշել, որ բնակարանաշինությունը համարվում է հանրապետության ռազմավարական հիմնախնդիրներից մեկը: Նրա խոսքով՝ սպայական ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը գտնվում է ինչպես կառավարության, այնպես էլ բարերարների ուշադրության կենտրոնում: «Ողջունելի է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» այս նախաձեռնությունը, որն ուշադրության ներքո է պահում մեր սպաների բնակարանային կարիքները: Օրինակելի է նրա հիմնադիր Վլադիմիր Ավագյանի հայրենանվեր գործունեությունը, ով բացի բնակարանաշինությունից, Ճարտարում և Արցախի տասնյակ համայնքներում տարբեր ծրագրեր է իրականացնում»,- ասել է վարչապետը: Ներկաներին ողջունել է նաև բարերար Վլադիմիր Ավագյանը և նշել, որ բացի գյուղական համայնքներից, հիմնադրամն աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնելու նաև Պաշտպանության բանակի համար: «Հիմնադրամն առաջիկա տարիներին պատրաստվում է Արցախի գյուղական համայնքներում շուրջ հազար բնակարան կառուցել՝ սպայական և բազմազավակ ընտանիքների համար»,- տեղեկացրել է բարեգործը: Վարչապետի և բարերարի մասնակցությամբ՝ տեղի է ունեցել շենքերի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որն ավարտվել է Սահակ վարդապետ Շաքարյանի օրհնությամբ: Ա. Հարությունյանն այցելել է նաև տեղի միջնակարգ դպրոց, ծանոթացել առկա պայմաններին: Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Ճարտար քաղաք, որտեղ, բարերար Վլադիմիր Ավագյանի ուղեկցությամբ, ծանոթացել է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող՝ հանդիսությունների տան, եկեղեցու և բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին, եղել նոր սպորտդահլիճի համար նախատեսված շենքում: Վարչապետ Հարությունյանը Ճարտարում մասնակցել է նաև հիմնադրամի կողմից շտապ օգնության երկու նոր մեքենաների՝ համայնքին հանձնելու արարողությանը: Գործադիր իշխանության ղեկավարն այցի շրջանակներում եղել է նաև Խնուշինակ և Գիշի համայնքներում, որտեղ ծանոթացել է բարեգործական հիմնադրամի միջոցներով կյանքի կոչվող ծրագրերին, բարերարի հետ քննարկել որոշ մանրամասներ և ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ: Այցի ընթացքում վարչապետ Հարությունյանին ուղեկցում էին Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր