Նոր մանրամասներ անհայտ պատճառներով Ադրբեջանում հայտնված 73-ամյա Լուսիկ տատու մասին. նա 4 երեխաների մայր է եւ այդ օրը գնացել էր ծանոթներից մեկից պանիր բերելու
Անհայտ պատճառներով հակառակորդի տարածքում հայտնված 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանը 4 երեխաների մայր է: Երեխաները առանձնացած են, մի որդին էլ մոտ 20 տարի է, ինչ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:
Նա ասաց, որ ընտանիքն ապրում է սոցիալական միջին պայմաններում՝ հիմնականում թոշակով: Երեխաներից մեկն է ապրում գյուղում, բայց իրենցից առանձին:
«Այդ օրն էլ Լուսինե Աբովյանը գնացել է ծանոթներից մեկից պանիր բերելու եւ հետո նման նորություն ենք լսում»,- ասաց գյուղապետը: Նաեւ նշեց, որ իրենց գյուղի բնակիչը հավանաբար մոլորվել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի, Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան գյուղի բնակիչ, 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանին: Այդ մասին տեղեկացրել էր report.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը: Ըստ այդ երկրի ՊՆ-ի՝ Լ. Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Ղազախի շրջանի ուղղությամբ: