Սահմանապահ մարզերի երեխաները հյուրընկալվել են Երևանի մշակութային օջախներում
ՀՀ Կառավարության աջակցությամբ, Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ջանքերով իրականացվող «Մշակութային կրթօջախներ-դպրոց» ծրագիրը կրկին մայրաքաղաքում հյուրընկալել էր սահմանապահ մարզերի աշակերտներին: Ծրագրի նպատակն է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների գիտաճանաչողական այցի ապահովումը մայրաքաղաքի մշակութային օջախներ:
Երկու օր շարունակ՝ հոկտեմբերի 29-30-ը, սահմանապահ մարզերի՝ Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ 150 երեխաներ, իրենց ուուցիչների հետ, պետֆիլհարմոնիայի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրընկալվեցին Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանում, Ազգային պատկերասրահում և Կոմիտասի անվան թանգարանում, ծանոթացան մեր ազգային, մշակութային հարստությանը, պատմությանը: Երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահում երեխաների համար կազմակերպվել է համերգ՝ Հայպետֆիլհարմոնիայի հայ Ֆորկլորային համույթի կատարմամբ: