211652_close_icon
views-count2788 դիտում article-date 08:40 31-10-2015

«Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը վաճառում են իրենց տեղերը ընտրական հանձնաժողովներում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է երեկ Ազատության հրապարակում «Ոչ»-ի քարոզչության համատեղ շտաբի հանրահավաքի մասին ու կարծիք հայտնում, որ այն տապալվեց. միայն թե մի տարբերությամբ. եթե նախորդ անգամ եղանակային պայմանները լավ էին, այս անգամ անձրև էր, և կազմակերպիչները հանրահավաքի սակավամարդությունը բացատրում էին անձրևի հանգամանքով: «Ազատության հրապարակում հազիվ 300-400 մարդ էր հավաքվել: Սրանք հիմնականում պատահական մարդիկ էին, որովհետև նույնիսկ հանրահավաքի կազմակերպիչ ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներից շատերը հարկ չէին համարել ներկա գտնվել հանրահավաքին: Հիմա նրանք զբաղված են շատ ավելի կարևոր և օգտակար գործով: Տեղամասային ընտրական հանձնաժողովները ձևավորվելու են նոյեմբերի 6-11-ը: Եվ արդեն հայտնի է, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը», կանգնած են լուրջ խնդրի առաջ, քանի որ նրանք չեն կարողանում լրացնել հանձնաժողովների իրենց հասանելիք տեղերը: Եվ դա այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամը իր այդ 1 օրվա աշխատանքի դիմաց ստանալու է 50 հազար դրամ, իսկ հանձնաժողովի նախագահը՝ 100 հազար: ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ անկեղծորեն ասում են, որ 100 ընտրատեղամաս ունեցող տարածքներում իրենք չունեն նույնիսկ 10 մարդ: Համամասնությամբ կուսակցություններին տրված է նաեւ հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորություն: Բայց ՀԱԿ-ի եղած անդամները չեն ուզում լինել հանձնաժողովի նախագահ երկու պատճառով. նախ՝ հասկանում են, որ նման պատասխանատվություն ստանձնելով՝ իրենք ենթարկվելու են իշխանությունների ճնշմանը, ինչին պատրաստ չեն, բայց գլխավորը՝ չունեն համապատասխան փորձ եւ գիտելիքներ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարելու, ընտրական պրոցեսը կազմակերպելու, արձանագրություններ կազմելու համար: Չունենալով մարդկային ռեսուրս՝ այս կուսակցությունները գյուղերում դիմում են ՀՀԿ-ական գյուղապետերի օժանդակությանը, որոնց վրա է դրված «այո»-ի համար ձայներ ապահովելու գործը: Գյուղապետերն էլ մեծ հաճույքով գնում են այդ տեղերը, որպեսզի կարողանան առանց որեւէ լուրջ խնդիրների եւ ավելորդ գլխացավանքի լուծել իրենց խնդիրը: Նույնը կատարվում է մնացած ավելի մեծ համայնքներում, ինչի արդյունքում ընտրական հանձնաժողովները լրացվելու են հիմնականում իշխանության ներկայացուցիչներով, եւ հենց նրանք էլ կազմակերպելու են հանրաքվեն: Ասվածի մեջ այնքան էլ դժվար չէ համոզվել. թող ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» հրապարակեն իրենց տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անուն-ազգանունները եւ կուսակցական պատկանելությունը, հրապարակեն, թե որ տեղամասում է իրենց ներկայացուցիչը ընտրվել նախագահ, եւ մենք բոլորս կտեսնենք, թե իրականում ինչ թատրոն է բեմականացվում մեր աչքի առաջ», գրում է թերթը:

Նմանատիպ նյութեր