211652_close_icon
views-count2593 դիտում article-date 19:00 30-10-2015

Օգնենք հարուստներին, պահենք նրանց երեխաներին հայրենիքում

Նրանք գնում են սովորելու Օքսվորդ, Քեմբրիջ: Սովորելուց հետո աշխատանք են գտնում, նոր ընկերներ, ամուսնանում, ընտանիք կազմում և մնում օտար երկրում: Լինում է նաև, որ հարուստներն, իշխանությունների անկանխատեսելի հալածանքներից պաշտպանվելու համար, իրենց կապիտալն արտահանում են և ներդնում այլ երկրների տնտեսություններում: Արտերկրային բիզնեսներն ու ներդրումները կառավարելու և պաշտպանելու գործը հարուստները հանձնարարում են իրենց երեխաներին, որոնք կրթություն են ստացել արտերկրում, այլ լեզուներով շփվելու ազատություն ունեն, այլ միջավայրերում ճիշտ և արագ են կողմնորոշվում: Հին դարերում սուզերենը վասալի որդիներին պատանդ էր պահում: (Օրինակ. Տիգրան 2-րդը մինչև 40 տարեկանը պատանդ էր պարթևների մոտ:) Վասալի որդիները կուշտ և ուրախ ապրում էին սուզերենի արքունիքում, կրթվում բարձրակարգ ուսուցիչների, կողմից, շփվում բարձրաշխարհիկ կանանց հետ, բայց ըստ էության պատանդ էին, և եթե վասալը ապստամբեր, ապա որդիները կսպանվեին: (Օրինակ. Վասակ Սյունու որդիները պատանդ էին պարսից արքունիքում, որոնք սպանվեցին Վարդանանց ապստաբության պատճառով: Աղքատությունն օրեցօր աճում է ոչ միայն այն պատճառով, որ շատանում են աղքատները, այլև, որովհետև հարուստներն են պակասում: Իսկ հարուստները պակասում են, որովհետև նրանց որդիները հեռանում են հայրենիքից և ապրում օտար երկրներում: Այդպես շարունակվելու դեպքում մի օր հարուստներն ընդհանրապես կվերանան, ինչպես դինոզավրերը և մամոնտները: Իսկ այն երկրներում, որտեղ հարուստներ չկան, տնտեսությունը քայքայվում է, ինչը ուղղակի հանգեցնում է երկրի կործանման, կամ հաստատվում է բռնապետական վարչախումբ, որովհետև միայն բռնապետական վարչախումբը կարող է ղեկավարել աղքատների հասարակությունը: Այսպիսով, հարուստների երեխաներին հայրենիքում պահելու խնդիրը միայն հարուստներինը չէ, այլ հասարակությանը-պետությանը: Դա ազգային անվտանգության խնդիր է: Ավելին՝ մշակութային և քաղաքակրթական խնդիր է, որովհետև այն երկրում, որտեղ հարուստներ չկան, իսկ հարուստների երեխաները հեռանում են հայրենիքից, հնարավոր չէ ժողովրդավարական հասարակություն կառուցել: Այն երկիրը, որտեղից հարուստները հեռանում են, կարող է այլասերվել և համաշխարհային վարակի սպառնալիք դառնալ: Հարուստների երեխաներին իրենց հայրենիքում պահելու խնդիրը չի լուծվում իրավիճակային կամ ժամանակավոր գործիքներով: Այն կարելի է հիմնովին կարգավորել միայն մշակութաբանական գործիքներով: Օրինակ. Հարուստներին պետք է ներշնչել ազգային իդեալ, որի իրականացման առաքելությունը դնել նրանց երեխաների ուսերին: Նրանց պետք է իրավունք և հնարավորություն տալ իրականացնելու իրենց հայրերի ազգային-քաղաքական-մշակութային երազանքները՝ հայրենիքի, պետության, հանրային հարաբերությունների վերաբերյալ: Հարցն այն է, թե ո՞վ կարող է ազգային-մշակութային երազանք երկնել ու ներշնչել հարուստներին: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր