1072 դիտում
16:28 29-10-2015
ՀՀ Սփյուռքի նախարարը լոնդոնաբնակ լրագրող և վիպագիր Սերժ Մոմճյանին պարգևատրեց «Վիլյամ Սարոյան» մեդալով
Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրեց “Komitas: The Artist and The Martyr” («Կոմիտաս. Արվեստագետը և Նահատակը») գրքի հեղինակ, լոնդոնաբնակ լրագրող և վիպագիր Սերժ Մոմճյանին: Գիրքը վերջերս հրատարակվել էր Քեմբրիջի «Ջենյուս» (“Janus”) հրատարակչատան կողմից և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Գրքի ստեղծման վրա հեղինակն աշխատել է շուրջ 5 տարի, խորապես ուսումնասիրել է Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, նամակագրությունը, նրա մասին եղած գրականությունը և ստեղծել է մի յուրօրինակ պատում՝ երկխոսությունների միջոցով: Կոմիտասին նվիրված փաստավավերագրական վեպը նրա 5-րդ գիրքն է, որին ընդարձակ հոդվածներով և հարցազրույցներով անդրադարձել են բազմաթիվ անգլալեզու և ֆրանսալեզու թերթեր ու ամսագրեր:
«Կոմիտասի կյանքն ու գործը այն պրիզման է, որի մեջ արտացոլված է հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու մեծ ողբերգությունը: Եվ պարոն Մոմճյանի գրքի շնորհիվ, որի հրատարակումն իրականացրել է բրիտանական հեղինակավոր Քեմբրիջի «Ջենյուս» հրատարակչությունը, հնարավորություն կտա անգլալեզու բազմաթիվ ընթերցողների իմանալ Հայոց ցեղասպանության և մեծագույն արվեստագետի կրած տառապանքների մասին», - ասաց Հրանուշ Հակոբյանը:
Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ Սերժ Մոմճյանն ասաց. «Մեծ պատիվ է ինձ համար ստանալ Վիլյամ Սարոյանի անունը կրող մեդալը: Այն ինձ ավելի է պարտավորեցնում: Ներկայումս միակ երազանքս այն է, որ գիրքս թարգմանվի հայերեն և լինի հայ ընթեցողի սեղանին»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան