211652_close_icon
views-count1000 դիտում article-date 22:41 28-10-2015

«Հայաստանի օր» Կասլիկի Սուրբ Ոգու համալսարանում

Հոկտեմբերի 27-ին Լիբանանի Կասլիկ քաղաքի Սուրբ Ոգու համալսարանի (USEK)՝ Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների հարցերն ուսումնասիրող գիտահետազոտական կենտրոնը (RCMME)` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի հետ համագործակցաբար, կազմակերպեց Հայաստանին նվիրված գիտաժողով և մշակութային երեկո: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ համալսարանի հետազոտական կենտրոնի նախագահ Ժան Ակիկին: Այնուհետև ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանն անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանն ու հարուստ մշակույթին, անկախության տարիների ընթացքում ձեռք բերված հաջողություններին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Դեսպանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների խորհուրդը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման կարևորությունը: Դեսպան Քոչարյանն ընդգծեց լիբանանահայության արդյունավետ դերակատարությունը Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Գիտաժողովի շրջանակներում հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ համապարփակ զեկույցներով հանդես եկան Սուրբ Ոգու համալսարանի, Բեյրութի ամերիկյան համալսարանի և Ֆրանսիայի Մոնպելյե III համալսարանի դասախոսներ: Միջոցառմանը ներկա էին Լիբանանում Պապական նվիրակը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամները, մտավորականներ, USEK համալսարանի դասախոսներ ու ուսանողներ: Երեկոյի մշակութային հատվածում երաժշտական կատարումներով հանդես եկան համայնքի անհատ մենակատարներն ու պարախմբերը:

Նմանատիպ նյութեր