211652_close_icon
views-count1671 դիտում article-date 09:23 23-10-2015

Գյումրիում Հացի փառատոն կանցկացվի

Հոկտեմբերի 30-ին Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կանցկացվի հացի փառատոն: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2013 թվականից մեկնարկած փառատոնն այս տարի կշարունակվի ուշագրավ ու ինքնատիպ դրսևորումներով: Կազմակերպիչն է Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ աշխատանքներին համագործակցող կառույցներն են՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, ՀՀ Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը: Տոնի ընթացքում իբրև պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային կարևոր բաղադրիչ` հացը ներկայացվելու է տարբեր դրսևորումներով և գործառույթներով՝ վկայություններ մատենագիտական սկզբնաղբյուրներում, Սուրբ Գրքում, հայ ժողովրդական դյուցազնավեպում, հայ ժողովրդի սովորութամշակութային կենցաղում և ժողովրդական պատկերացումներում: Փառատոնի շրջանակում տեղի կունենա թոնրի հիմնարկեք, հմուտ հացթուխների կողմից հացարարման վարպետության դասեր, ավանդական հարսանյաց հանդես կամ օրհնության պսակ թոնրի շուրջը։ Լավաշը կներկայացվի իբրև բարօրության խորհրդանիշ, նորապսակների հետագա կյանքի բարեբերության նշանակ: Այս տարի իրականացվող հացի փառատոնը, հատկապես, արժևորվում է նրանով, որ «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» մշակութային տարրը 2014 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Հացի փառատոնի նպատակն է միավորել մարդկանց, դարձ կատարել դեպի այն արժեքները, որոնք ապրեցնող են և վկայում են մեր ժողովրդի արարող ոգին: Միաժամանակ կարևորվում է մարզի մշակութային կյանքի աշխուժացումը, ավանդական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումը:

Նմանատիպ նյութեր