Գյումրիում այսօր կանցկացվի հացի փառատոն
Ս. թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Գյումրիի Հ. Շիրազի հուշատուն-թանգարանում կանցկացվի հացի փառատոն: «Գյումրին ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են «Հացի փառատոն Գյումրիում» և «Ազգային խոհանոցի Արևելյան ու Արևմտյան Հայաստանների տարբեր շրջանների փառատոն և ավանդական կենցաղի ցուցահանդես» ծրագրերը, որը կազմակերպում է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը:
Փառատոնի նպատակն է ներկայացնել ժողովրդի սովորութամշակութային կենցաղում մշտապես գոյություն ունեցող հացի պաշտամունքը, դրա ստեղծման պատմությունը, հացարարման գործընթացն, ինչպես հայերի, այնպես էլ տարբեր ժողովուրդների մոտ:
Ըստ այդմ ներկայացվելու են հացը մատենագիտական սկզբնաղբյուրներում, հացը էպոսում, ինտերմեդիա` էպոսի մոտիվներով «Հացն ու գինին, Տեր կենդանին», հացն Աստվածաշնչում և ժողովրդական պատկերացումներում, հացը որպես հյուրընկալման խորհրդանիշ: Ցուցադրվելու են տեսաժապավեններ և լուսասահիկներ տարբեր ժողովուրդների հացի թանգարանների վերաբերյալ: Տեղանքը ձևավորվելու է հատիկի պաշտամունքը խորհրդանշող կոլաժներով և պաննոներով: Հյուրերի դիմավորումը կուղեկցվի «Վիշապագորգերի վերադարձը» ֆլեշմոբով:
Այնուհետ, կներկայացվի թատերականացված միջնարար. Հայոց այբուբենի 36 տառերի խորհուրդը` 36 լավաշներով:
Տոնի կիզակետը կլինի թոնրի հիմնարկեքը հացարարման գործընթացի ցուցադրությամբ և 32 աշխատատար գործողություններից` վարել, տոփ անել, հարդարել, ցանել, ջրել, պարարտացնել, հնձել, կալսել, հարդը ցորենից առանձնացնել, մաղել, հեռացնել կուտը` թողնել մատընտիրն ու հատընտիրը:
Հաջորդիվ կբաժանվի լավաշ հացի մատաղ և տոնն կավարտվի Հազարան հավքի վերադարձով: