211652_close_icon
views-count1040 դիտում article-date 15:25 20-10-2015

Կանադան օրհնված է, որ իր հասարակության մասն են կազմում նաեւ հայերը. Կանադայի Սենատի ղեկավար

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի Սենատի խոսնակին հանդիպման համար եւ փաստել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Լեո Հուսակոսի՝ երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ փոխգործակցությունը խթանելու պատրաստակամությունը:ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Մեր խորհրդարանների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում կրում է մշտական եւ կառուցողական բնույթ: Մենք երախտապարտ ենք կանադական կողմին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետեւողականորեն աջակցելու համար»: Խոսելով հայ-կանադական բարեկամական հարաբերությունների մասին՝ Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Կանադայի անկեղծ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսեւորվել է նաեւ 2002 թվականին, երբ Կանադայի Սենատի կողմից ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, որը վերահաստատվել է այս տարվա մայիսին: ԱԺ նախագահը նշել է, որ այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է Կանադայի դիրքորոշումը, ըստ որի՝ մարդկության դեմ իրագործված նման ոճիրները պետք է դատապարտվեն եւ կանխարգելվեն: «Մենք բարձր ենք գնահատում նաեւ Կանադայի հավասարակշռված եւ չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ»,-եզրափակել է իր խոսքը Գալուստ Սահակյանը: Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են: «Կանադան օրհնված է, որ իր հասարակության մասն են կազմում նաեւ հայերը: Մենք հպարտանում ենք նրանցով»,-նշել է Սենատի խոսնակը: Լեո Հուսակոսը վստահեցրել է, որ հայ-կանադական համագործակցությունը կշարունակվի եւ ավելի կամրապնդվի: Կանադայի Սենատի ղեկավարի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին եւ սպառիչ պատասխաններ տվել ադրբեջանական ագրեսիայի եւ հայկական հակազդեցության վերաբերյալ: Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում սպասվող սահմանադրական բարեփոխումների մասին: Հանդիպման ավարտին Սենատի խոսնակն ընդունել է Գալուստ Սահակյանի հրավերը եւ հայտնել, որ հաջորդ տարի պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Նմանատիպ նյութեր