1296 դիտում
19:13 19-10-2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Նաբիհ Բըրրիի հետ
Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ժնեւ (Շվեյցարիա) մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող, միջազգային հարթակներում եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Գալուստ Սահակյանը, հանդիպման ընթացքում խոսելով երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ, ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, որը, ըստ խորհրդարանի ղեկավարի, կարեւոր է փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում:
«Միջխորհրդարանական կապերը միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչն են. խորհրդարանների մակարդակով շփումների ակտիվացումը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով նպաստում է փոխըմբռնման եւ փոխվստահության
ամրապնդմանը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ վստահեցրել, որ Լիբանանը Հայաստանի կողքին է: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Լիբանանի խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է իր վերաբերմունքը. Լիբանանն այս հարցում էլ է աջակցում Հայաստանի Հանրապետությանը:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ պարոն Բըրրին ցավով նշել է, որ սպառված են խնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման բոլոր հնարավորությունները, ուստի անհրաժեշտ է Սիրիայում պարզապես ուժով դադարեցնել տեղի ունեցող վայրագությունները:
Գալուստ Սահակյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստանի Հանրապետություն եւ ստացել փոխադարձ հրավեր:
Նմանատիպ նյութեր
1771 դիտում
22:36 28-12-2018
Բեյրութում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ
1036 դիտում
23:03 04-12-2023
ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ
3359 դիտում
16:46 20-10-2018
Նիկոլ Փաշինյանը հանդիում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ