211652_close_icon
views-count1983 դիտում article-date 10:57 15-10-2015

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը խնդիրներ ունի

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հարցականի տակ է դնում աշխարհի առաջնությունից օլիմպիական վարկանիշ ձեռք բերելը: «Արթուր Դավթյանի մոտ մինչև շաբաթ օրն ամեն ինչ լավ էր: Մեր առաջատարը՝ Օլիմպիական խաղերի ուղեգրի հիմնական հույսը, վատառողջ է: Շաբաթ օրվանից անհասկանալի բաներ են կատարվում մարմնամարզիկի հետ: Հինգ օր է շարունակական գլխապտույտներից է բողոքում: Մի քանի օրից պետք է մեկնենք, բայց մինչև այսօր բժիշկները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում տղայի հետ: Մեր մարզաձևում գլխապտույտը շատ մեծ խնդիր է: Մինչև ուրբաթ օրը ստուգողական բոլոր մարզումները շատ լավ են անցել: Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը նորմալ մարզավիճակում են: Եթե նրանք ցույց տան նույն արդյունքներն, ինչ անում են մարզումների ժամանակ, եզրափակիչ կարող են հասնել: Արթուր Դավթյանը աշխարհում լավագույններից մեկն է բազմամարտում: Հենց այստեղ է մեծ օլիմպիական ուղեգիր նվաճելու հավանականությունը: Իսկ առանձին գործիքների վրա, ուղեգիր նվաճում են նրանք, ովքեր մրցանակային տեղ են զբաղեցնում, այստեղ մի քիչ ավելի բարդ է: Ցավոք սրտի, աշխարհի առաջնությունից բացի, վարկանիշային այլ մրցումներ չունենք և հենց դա է պատճառը, որ այսքան անհանգստացած ենք: Այլ հնարավորություն չենք ունենա: Ամբողջ աշխատանքը ջուրն է գնում»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական[url=http://www.armnoc.am/arm/news/214/marmnamarzik-artur-davtyani-masnakcutyunn-ashkharhi-arajnutyany-vtangvats-e.html] կայքին[/url] ասել է հավաքականի գլխավոր մարզիչը: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա նաև Հուռի Գեբեշյանը, ով ապրում և մարզվում է ԱՄՆ-ում: «Նա գալիս է ԱՄՆ-ից, բայց հայուհի է: Մարզիչն էլ է հայ: Հուռին Եվրոպայի առաջնությունում բավականին լավ արդյունքի հասավ: Մարմնամարզիկն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու շատ մեծ հնարավորություն ունի»,- նշել է մարզիչը: Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում կկայանա մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը կներկայացնեն Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը:

Նմանատիպ նյութեր