1361 դիտում
18:22 14-10-2015
Գյումրու քաղաքապետը ներկայացրել է «Գյումրին առանց տնակների» ծրագիրը
Սիրելի գյումրեցիներ
Ինչպես և խոստացել էի, Ձեզ եմ ներկայացնում «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի իրագործմամբ հուսով եմ կկարողանանք բեկում մտցնել մեր քաղաքի համար այդքան կարևոր անօթևանության լուծման խնդրում:
Նորից եմ կրկնում, որ պատրաստ եմ քննարկել ցանկացած միտք և առաջարկ՝ այս թեմայի առնչությամբ:
Կարծում եմ՝ սրանք են այն հիմնական քայլերը, որ մենք պետք է իրականացնենք.
1.Տարիների ընթացքում տնակներում բնակվող մեր համաքաղաքացիները կարողացել են քարապատել իրենց տնակները կամ դրանց տեղում քարաշեն կառույցներ ստեղծել: Առաջին քայլով՝ անհրաժեշտ է քարապատ տնակները անվճար սեփականաշնորհել, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքի գլխավոր հատակագծի և քաղաքի զարգացման տրամաբանության հետ խիստ անհամապատասխանություն: Այս գործընթացը ես արդեն սկսել եմ:
2.Եթե տարածքը համարվում է կանաչ գոտի, բայց այգի չէ, և տարածքում շատ են քարաշեն տնակները, ապա անհրաժեշտ է քաղաքի գլխավոր հատակագիծը փոխելով, այդ տնակները ևս անվճար սեփականաշնորհել: Այս
գործընթացը ևս սկսված է: Այս երկու կատեգորիաներում գտնվող տնակների թիվը կազմում է մոտ 200:
3. Կիսաքարաշեն տնակների բնակիչները, եթե ունեն կառույցը սեփականաշնորհելու և տարիների ընթացքում ամբողջությամբ քարաշեն դարձնելու ցանկություն, առաջարկայության դեպքում կստեղծենք իրավանորմատիվային հիմք` այն սեփականաշնորհելու համար: Այս պարագայում, մարդը գիտենալով որ այն արդեն իրենն է, քարը քարին կդնի առանց ավելորդ քաշքշուկների: Սրա համար անհրաժեշտ է մեր պատգամավորների ակտիվ աշխատանքը, քանի որ օրենքով համայնքի ղեկավարը և ավագանին ներկայումս չունեն այս իրավասությունը: Այս ճանապարհով մենք կլուծենք ևս 300 ընտանիքի հարց:
4.Սակայն այս ամենը գործի ընդամենը մեկ քառորդն է, տնակների գերակշիռ մասը այլևս պիտանի չէ բնակության համար: Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տնակների բնակիչների մոտ 40 տոկոսը կարող են և պատրաստ են բնակարան գնել հիպոթեքով, սակայն կա երկու էական խանգարող հանգամանք՝ սկզբնական մուծումը և՝ եկամուտների մասին տեղեկանքը: Հաշվի առնելով այն, որ մեր համաքաղաքացիների մեծ մասը աշխատում են արտերկրում՝ մեզ անհրաժեշտ է տնակների բնակիչների համար ստեղծել առանց տոկոսների, երկարաժամկետ՝ 10-15 տարի ժամկետով, առանց նախնական մուծումների և առանց եկամուտների մասին տեղեկանքի հիպոթեքային ծրագիր: Հասկանալի է, որ բանկային համակարգը չի կարող առաջարկել նման վարկային պրոդուկտ, ուստի մեզ անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ, որից էլ պետք է ֆինանսավորվի բնակարանների գնման գործընթացը: Հիմնադրամը կկոչվի «Գյումրին առանց տնակների», որը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.Ա.Ցանկացած չարաշահում բացառելու և Հիմնադրամի նկատմամբ լուրջ վստահություն ստեղծելու համար Հիմնադրամի կառավարման խորհուրդը պետք է լինի պետական և համայնքային կառույցներից անկախ մարմին և
կազմված լինի հանրային վստահության մեծ պաշար ունեցող անձանցից, հասարակական կազմակերպություններից, լրատվական դաշտից, հոգևոր դասից, հայրենակցական միություններից, մշակութային գործիչներից, ինչպես նաև՝ մեկական ներկայացուցիչ քաղաքապետարանից և մարզպետարանից:
Բ. Հիմնադրամի կառավարման խորհրդը պետք է օժտել հիմնադրամի մուտքերի և ելքերի նկատմամբ լիակատար վերահոսկողությամբ:
Գ. Ցանկացած տիպի չարաշահում կամ նույնիսկ չարաշահման կասկած բացառելու համար կառավարման խորհուրդը պետք է լինի բաց, պարբերաբար հանդես գա հաշվետվություններով, որոշումներն ընդունի կոնսենսուսով և ժամանակ առ ժամանակ՝ ենթարկվի ռոտացիայի:
Դ. Հիմնադրամի սկզբնական գումարն ապահովելու համար պետք է դիմել մեր համաքաղաքացիներին և հայրենակիցներին՝ Հայաստանում և Սփյուռքում, հատկացումներ անել քաղաքային բյուջեից: Հիմնադրամը պետք է իրականացնի դրամահավաք-մարաթոններ, կազմակերպի բարեգործական ներկայացումներ, համերգներ, ցուցահանդես-վաճառքներ, աշխատի բարեգործների հետ: Լավ մեկնարկի համար ինքս պատրաստ եմ բնակարան նվիրել տնակում բնակվող բազմազավակ մեկ ընտանիքի, ինչպես նաև, որպես քաղաքապետ, Հիմնադրամին տալ ամբողջ աշխատավարձս և նվիրատվություններ անել ընտանիքիս պատկանող բիզնեսից: Հուսով եմ, որ այդպես կվարվեն նաև մեր պաշտոնյաների և պատգամավորների մեծամասնությունը, որպես լավ օրինակ:
Ե. Հավաքված գումարներով գնված բնակարանները վիճակահանության սկզբունքով պետք է հանձնել տնակների բնակիչներին, առանց տոկոսների՝ 10 կամ 15 տարվա ընթացքում մարելու պայմանով: Հետ վերադարձված գումարները ևս պետք է ուղղել նոր բնակարանների գնմանը: Պարտադիր պայման պետք է լինի տնակի ապամոնտաժումը և տարածքի հանձնումը: Մեզ համար ամենադժվարը, կարծում եմ, առաջին 100-150 բնակարանի գնումը կլինի, որից հետո գործընթացը կստանա ձնագնդի էֆեկտ:
5. Գիտեմ, որ մեր համաքաղաքացիներից շատերը չունեն նույնիսկ ամսական 30-40 հազար դրամ վճարելու հնարավորություն, բնականաբար դա չի կարող և չպետք է պատճառ հանդիսանա նրանց տնակներում թողնելու համար: Ամենածայրահեղ պայմաններում գտնվող գյումրեցիների համար պետք է ձևավորել սոցիալական բնակարանների ինստիտուտ: Բնակարաններ, որոնք չեն լինի սեփականություն, բայց մարդը և իր ժառանգները կարող են ապրել անժամկետ, նորմալ մարդկային պայմաններում, իսկ երբ ունենան ֆինանսական հնարավորություն, կարող են պայմանագիր կնքել և գնել այդ բնակարանները:
6. Պետք է ձևավորել հայտնի գյումրեցիներից և ոչ միայն գյումրեցիներից կազմված ծրագրի դեսպանների ինստիտուտ, որոնք ներկայացնելու են ծրագրի նպատակներն ու սկզբունքները, մասնավորապես՝ օգնեն դրամահավաքների կազմակերպմանը:
7. Անհրաժեշտ եմ համարում թույլ չտալ նոր տնակների տեղադրում, և այս հարցում լինել խիստ ու հետևողական:
8. Նաև պետք է իրականացնել չբնակեցված տնակների ապամոնտաժման ծրագիր՝ դրանց տերերին տրամադրված որոշակի փոխհատուցման դիմաց: Սիրելի գյումրեցիներ, իհարկե, սա ընդհանուր բովանդակությունն է այն ամենի՝ ինչ մենք պետք է անենք մեր քաղաքի կարևորագույն խնդիրը լուծելու համար:
Սպասում եմ Ձեր արձագանքներին և առաջարկներին:
[b]Հարգանքով՝ Ձեր քաղաքապետ Սամվել Բալասանյան[/b]
Նմանատիպ նյութեր
2780 դիտում
19:38 21-12-2017
Իրականացավ ևս մեկ երազանք․ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հանձնեց 27-րդ սոցիալական բնակարանը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»