211652_close_icon
views-count853 դիտում article-date 17:37 10-10-2015

Տարոն Մարգարյանը հանդիպել է Տալլինի քաղաքապետի տեղակալի հետ

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետի տեղակալ Միխայիլ Կիլվարտի հետ հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով հյուրին և համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու ներկայում ընթացող զարգացման ծրագրերը` քաղաքապետն ընդգծել է, որ Երևանը կարևորում է ակտիվ համագործակցությունն այլ քաղաքների հետ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման և համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ: «Երևանն այսօր աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ ունի լավ հիմքերի վրա դրված գործընկերային հարաբերություններ և, վստահ եմ, որ Տալլինի հետ ևս կարող ենք ձևավորել փոխշահավետ գործակցություն: Երևանն այսօր դինամիկ զարգացող քաղաք է, և ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը լավ հնարավորություն է ընձեռում զարգացնելու նաև գործարար հարաբերությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար` Տալլինի քաղաքապետի տեղակալ Միխայիլ Կիլվարտը շնորհավորել է Երևանի քաղաքապետին «Էրեբունի-Երևան» տոնի առթիվ ու նշել, որ տպավորված է Երևանի արտաքին տեսքով և ինքնատիպ հմայքով: Անդրադառնալով երկու քաղաքների հնարավոր համագործակցությանը` Տալլինի փոխքաղաքապետը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում Տարոն Մարգարյանի մոտեցումներն ու վստահեցրել, որ Տալլինը ևս պատրաստակամ է ընդլայնել փոխշահավետ գործակցությունը Երևանի հետ: «Ձեր մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման հարցում իսկապես ողջունելի են, և վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը` երկու երկրների մայրաքաղաքների միջև բազմոլորտ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ: Փոխգործակցության հնարավորություններ կան ինչպես տնտեսական ծրագրերի իրականացման, այնպես էլ կրթական, մշակութային ոլորտների ու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Պետք է անկեղծ ասեմ, պարոն քաղաքապետ, որ իսկապես հաճելի է գտնվել Երևանում: Ձեր մայրաքաղաքի գեղեցկությանն ու ջերմությանն այս օրերին գումարվել է նաև տոնական շունչը, ինչը զգում ես քաղաքի յուրաքանչյուր անկյունում, և դա շատ գրավիչ է»,- նշել է Միխայիլ Կիլվարտը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր