1094 դիտում
15:51 08-10-2015
Առավել նպաստավոր պայմաններ՝ սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման համար
Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Օրինագծի նպատակն է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական և առևտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները, մասնավորապես, արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման և արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված (ներմուծված) ապրանքների համար ԱԱՀ-ի մասով արտոնություններ տրամադրել: Վերոնշյալ արտոնության սահմանումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման, տարածքային զարգացման, զբաղվածության ապահովման համար:
Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է, մասնավորապես, հստակեցնել խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն և վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող հարաբերությունների իրավակարգավորումները: Օրինագծի ընդունման դեպքում կմիասնականացվի խնամքի նպաստի և ծառայության կողմից վճարվող այլ դրամական վճարների նշանակմանն ու վճարմանն առնչվող հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև կվերացվի օրենքում տեղ գտած վրիպակը:
Գործադիրը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը հնարավորություն կընձեռի իրականացնել ինժեներական, գծային, ճանապարհային, մայրուղային և այլ համակարգերի մաս կազմող հաղորդակցության ցանցերի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքների պետական գրանցում և դրանց վերաբերյալ տրամադրել տեղեկություններ:
Կառավարության նիստում քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներին տրամադրել պետական միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը հոգալու իրավունք, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է: Կառավարության եզրակացության համաձայն, օրենքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն, օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն է ընձեռնվել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին:
Հաշվի առնելով այն, որ օրենքում կատարված փոփոխությունը նոր է ուժի մեջ մտել և դեռևս գործողության մեջ հնարավոր չէ գնահատել դրա արդյունքները, ինչպես նաև պետական միջոցների հնարավորությունները, ուստի առաջարկվում է առայժմ այդ շրջանակը ընդարձակել միայն ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներով: Այսպիսով, կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում:
Վերոնշյալ օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
1583 դիտում
22:03 05-05-2016
Նպաստավոր պայմաններ կստեղծվեն` Վաղարշապատի բժշկական հաստատությունների գործունեության համար
1555 դիտում
13:10 09-10-2014
Շրջանառության հարկ վճարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ
3264 դիտում
22:35 17-03-2016
Մատչելի բնակարաններ ձեռք բերելու ավելի նպաստավոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքների համար
Այս բաժնից
646 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ