211652_close_icon
views-count1331 դիտում article-date 16:51 06-10-2015

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի․ ֆոտոռեպորտաժ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլու հրավերով, աշխատանքային այցով մեկնեց Թբիլիսի: Հայկական պատվիրակությանը դիմավորեց նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Ինչից հետո Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունից ծաղկեպսակ դրվեց ծառայողական պարտականությւնները կատարելիս զոհված վրաց ոստիկանների հուշակոթողին: Այնուհետև տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլու հանդիպումը՝ հայկական պատվիրակության անդամների մասնակցությամբ: Իրավապահ կառույցների ղեկավարները քննարկեցին փոխգործակցության ներկա վիճակն ու հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ: Կողմերը գոհունակություն հայտնեցին արդեն ավանդական դարձած գործընկերային հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ և ընդգծեցին, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ վերջին տարիներին սկզբունքորեն նոր որակի բերված ամենօրյա համատեղ աշխատանքը ամրապնդելու համար: Առարկայական ու շահագրգիռ քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու գերատեսչություններում ընթացող բարեփոխումների ընթացքի և լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ: Որոշվեց շարունակել ու խորացնել ակտիվ աշխատանքը կոնկրետ ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ, այդ թվում՝ մի շարք ծառայությունների ներկայացուցիչների փոխայցելությունների միջոցով: Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին համոզմունք հայտնեցին, որ երկու բարեկամ երկրների ոստիկանական կառույցների գործընկերությունն այսուհետ էլ կշարունակվի իրավապահ ուժերի և կարողությունների փոխշահավետ ինտեգրման ու հանցավորության դեմ համատեղ պայքարի խորացման ավանդական ճանապարհով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր