73358 դիտում
09:43 01-10-2015
Ուժգին պայթյուն և խոշոր հրդեհ Ավան վարչական շրջանում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ուժեղ պայթյուն և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:15-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գտնվող «ՍԱՆ ՏԵԽ ՄՈՆՏԱԺ» ՓԲԸ-ի պահեստում պայթյուն և հրդեհ է բռնկվել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ հրշեջ- փրկարարական ջոկատները, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ, ինչպես նաև օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներն ու Երևանի 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը:
Հրշեջները կարողացել են կարճ ժամանակում կանխել կրակի տարածումը և մարել այն: Ողջ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջներին օգնում էին «ՍԱՆ ՏԵԽ ՄՈՆՏԱԺ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր հրշեջների հետ հավասար «մենամարտի» էին դուրս եկել կրակի դեմ:
Երկհարկանի շինության 1-ին հարկում այրվել են արտադրական նյութեր և գործիքներ (35 ք.մ), 2-րդ հարկում (420 ք.մ)՝ 15 հաստոց, քանդվել են տանիքի թիթեղյա կառուցատարրերը (420 ք.մ): Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է 1 պայթած գազի բալոն (20 կգ-ոց):
Թե ինչն է եղել պայթյունի և հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննության արդյունքներից հետո:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+