Հայաստանի դիմորդներն առանձնանում են բարձր պատրաստվածությամբ. DAAD ներկայացուցիչ
                        ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր ընդունել է DAAD /Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն/ երևանյան տեղեկատվական կետրոնի նորանշանակ  տնօրեն Սիլվիա Շմիդին: Ողջունելով հյուրին՝  նախարար Ա. Աշոտյանն արդյունավետ աշխատանք է մաղթել և հույս հայտնել, որ   նրա  գործունեությունը կնպաստի մեր երկրում  DAAD-ի ծրագրերի ընդլայնմանը: 
 Նախարարն ընդգծել է, որ գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերի նկատմամբ  Հայաստանում աճող հետաքրքրություն կա. "Գերմանիայի բուհերում ուսանելու ցանկությունը հայ ուսանողների մոտ  նկատելիորեն  մեծացել է,  և դա  պայմանավորված է նաև համագործակցության արդյունավետությամբ",- նշել է  ԿԳ նախարարը և հավելել, որ Գերմանիան երկրորդ երկիրն է, որտեղ փոխանակման տարբեր ծրագրերով սովորում են առավել մեծ թվով հայ ուսանողներ: 
Ա. Աշոտյանը նշել է նաև, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է  նպաստել,  որ ՀՀ դպրոցներում  գերմաներենի ուսուցման նկատմամբ հետաքրքրությունը մեծանա: Նախարարը կարևորել է նաև, որ գերմանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու և  ընդլայնելու վերաբերյալ: Նշվել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել նաև Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու ծարգիրը: 
Կարևորելով  Հայաստանի հետ հաջողված կրթական համագործակցության  ամրապնդումը՝ Ս. Շմիդը  շեշտել է, որ չնայած բնակչության համեմատաբար նվազ թվաքանակին Հայաստանի դիմորդներն  առանձնանում են իրենց  բարձր  պատրաստվածությամբ  և կարողանում են առավել թվով կրթաթոշակներ  ստանալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև  կրթության և գիտության ոլորտներում  երկկողմ համագործակցությանն առնչվող այլ  հարցերի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

