211652_close_icon
views-count939 դիտում article-date 22:21 12-09-2014

DAAD գրասենյակի ղեկավարը ԵՊՀ ռեկտորին է հանձնել DAAD-ի կրթաթոշակային ծրագրի փաթեթը

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց գերմանական DAAD գրասենյակի ղեկավար Թինա Լաուֆերին, ով ներկայացրեց երիտասարդ գիտնականների և ուսանողների համար նախատեսվող փոխանակման ծրագրերը: Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը, Ալեքսանդր Գրիգորյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը: Արամ Սիմոնյանը նշեց, որ DAAD-ի և ԵՊՀ-ի միջև համագործակցությունը լավագույն կերպով է անդրադառնում ուսանողների և, ընդհանրապես, բուհում գիտության զարգացման վրա: «Չնայած ուսումնական տարին դեռ նոր է սկսվել, սակայն միջազգային համագործակցության ոլորտն արդեն բավականին ակտիվ է, մասնավորապես գերմանացի մեր գործընկերների հետ: Այդ գործում, անկասկած, ձեր ներդրումն ունեք, ինչի համար շատ շնորհակալ ենք»,- ասաց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ համագործակցության շարունակականության համար համալսարանի ղեկավարությունը կանի հնարավոր ամեն ինչ: Պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը նույնպես շնորհակալություն հայտնեց հյուրին այցելության համար և նշեց, որ ԵՊՀ-ի համար ուրախալի է այն փաստը, որ DAAD-ն յուրաքանչյուր տարի համալսարանականներին իր կրթաթոշակակիրների շարքում ընդգրկվելու հնարավորություն է տալիս: Թինա Լաուֆերն ընդգծեց, որ Մայր բուհի հետ աշխատելը ոչ միայն արդյունավետ է, այլև հաճելի. «Իմ զրույցներում ես հաճախ եմ կրկնում, որ ԵՊՀ-ի հետ համագործակցելիս միշտ դրական արդյունք են գրանցում, ուստի մեզ համար նույնպես շատ կարևոր է Պետհամալսարանի հետ աշխատելը»: Այնուհետև Թինա Լաուֆերը ԵՊՀ ռեկտորին հանձնեց DAAD-ի կրթաթոշակային ծրագրի ամբողջական փաթեթը, իսկ կրթաթոշակների բաշխման, հայտերի ընդունման և ընթացակարգերի հետ կապված մանրամասները նա նախատեսում է քննարկել Ալեքսանդր Մարգարովի հետ: Քննարկումներից հետո կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի նաև ֆակուլտետներին:

Նմանատիպ նյութեր