1761 դիտում
21:21 29-09-2015
ՀՀ վարչապետը մասնակցել է ՀԱՕԿ-ի 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Շնորհավորելով ներկաներին ՀԱՕԿ-ի 25-ամյա հոբելյանի առթիվ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քառորդդարյա տարեդարձը, իրավամբ, նշանակալի իրադարձություն է հայաստանյան մարզաշխարհի համար: Իր գործունեությունը սկսելով դեռևս անցած դարի դժվարին 90-ականներին՝ ՀԱՕԿ-ը հետզհետե զարգացել և կայացել է՝ վերածվելով հզոր կառույցի: Ինչի վկայությունն էր նաև այսօր բացված նորակառույց շքեղ օլիմպիական ավանը՝ հարմարավետ մարզադաշտերով և արդիական մարզագույքով հագեցած մարզասրահներով: Մշտապես լինելով օլիմպիական շարժման գաղափարների՝ համերաշխության, հանդուրժողականության և արդար խաղի սկզբունքների ջատագովն ու քարոզողը՝ ՀԱՕԿ-ը այս ամենին հասնելու համար երկար ճանապարհ է անցել»:
Կառավարության ղեկավարն իրականացված մեծածավալ աշխատանքի և ոլորտին հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար հատուկ շնորհակալություն է հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նշել, որ սպորտի բնագավառում նրա ներդրումը հայանպաստ և ազգանվեր գործ է:
Վարչապետը հավելել է, որ ՀԱՕԿ նախագահի ջանքերի շնորհիվ է նաև, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեծ հեղինակություն է վայելում ու ճանաչված է միջազգային օլիմպիական հանրության կողմից: «Ասվածիս վառ ապացույցներից մեկն էլ անցած տարի՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Թոմաս Բախի, ինչպես նաև այսօր այստեղ ներկա գտնվող Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ալ-Սաբահի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Պատրիկ Հիկեի այցելություններն են Հայաստան: Կատարված աշխատանքը տեսանելի է, և ինչ ունենք այսօր՝ շատ գնահատելի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նմանատիպ նյութեր
1764 դիտում
19:36 02-10-2014
Վարչապետը մասնակցել է Ելփին համայնքի 186-ամյակին նվիրված միջոցառմանը. ֆոտոշարք
Այս բաժնից
841 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին