211652_close_icon
views-count1473 դիտում article-date 22:53 29-09-2015

Արցախի փոխվարչապետն ընդունել է ՀՕՄ մի խումբ ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայ օգնության միության Կանադաի շրջանի վարչության մի շարք անդամների՝ ատենապետ Արմինե Գարապետյանի գլխավորությամբ: Փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է սփյուռքի նշանակալի դերակատարումն Արցախի զարգացման գործում: Նա անդրադարձել է հանրապետությունում իրականացվող ժողովրդագրական քաղաքականությանը՝ շեշտադրելով նաև սփյուռքահայության մասնակցության կարևորությունը: Ա. Աղաբեկյանը հակիրճ ներկայացրել է տնտեսական ընթացիկ ծրագրերը և առաջիկա նախագծերը՝ կոչ անելով ներկաներին դառնալ ԱՀ կառավարության խոսնակներն իրենց երկրներում: Փոխվարչապետն անդրադարձել է նաև Արցախում ՀՕՄ-ի գործունեությանը և ընթացիկ ծրագրերից կարևորել 8 մանկապարտեզների ֆինանսավորումը: Նրա խոսքով՝ ՀՕՄ-ի նորընտիր վարչությունը պետք է հասկանա մանկապարտեզների կառուցման և ֆինանսավորման կարևորությունը, որոնք պետք է շարունակական բնույթ կրեն: «Ստեփանակերտում կառուցվող մանկապարտեզի նոր մասնաշենքը, որը նախատեսված է 130 երեխայի համար, առաջինն է լինելու, որն ունենալու է ռմբապաստարան, և յուրաքանչյուր ՀՕՄուհի համացանցի միջոցով մասնակիցն է լինելու մանկապարտեզի աշխատանքներին»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ նախատեսվում է շենքի շինարարությունն ավարտել 2016 թվականին: Հանդիպման վերջում Ա. Աղաբեկյանը պատասխանել է հյուրերի բազմաբնույթ հարցերին՝ հորդորելով ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի զարգացման գործում:

Նմանատիպ նյութեր