211652_close_icon
views-count3435 դիտում article-date 15:57 29-09-2015

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Մոհամմադ Ռեյիսիի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ: Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով դեսպանի դիվանագիտական գործունեությունը, հատկապես կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեպանատան համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այժմ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում, եւ կվերսկսվեն նաեւ նախկինում հետաձգված նախագծերը: Գալուստ Սահակյանը կարեւորել է վերջին իրադարձություններից հետո տարածաշրջանում Իրանի դիրքի բարձրացումը եւ փաստել, որ այդ առումով Հայաստանն ամենաշահագրգիռ կողմն է: ԱԺ նախագահը, կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ ու արդյունավետ գործունեությունը եւ փոխայցերը, նշել է, որ այսօր հայ-իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ նոր հնարավորություններ են ստեղծվում դրանք ավելի խորացնելու: Գալուստ Սահակյանը Մոհամմադ Ռեյիսիին մաղթել է նորանոր հաջողություններ աշխատանքային գործունեության ընթացքում: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Գալուստ Սահակյանի ունեցած մեծ դերակատարումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում: Մոհամմադ Ռեյիսին կարեւորել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների փոխհարաբերությունների զարգացման հարցում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին իր դիվանագիտական առաքելության տարիներին դեսպանատան նախաձեռնած եւ իրականացրած ծրագրերին օժանդակելու համար:

Նմանատիպ նյութեր