211652_close_icon
views-count2335 դիտում article-date 14:29 29-09-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշել է, որ պարոն Ռեիսիի պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ավելի են սերտացել և ակտիվացել: Այս ենթատեքստում նախարարը հատկապես կարևորել է Հայաստանում սպանդանոցների կառուցումը, ինչը նպաստելու է ոչ միայն անվտանգ ու որակյալ մսամթերքի արտադրությանը, այլև դեպի հարևան երկրներ արտահանման ծավալների ավելացմանը: Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում երկկողմ ծրագրերին` նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն օգտագործելու դեպքում հնարավոր կդառնա հասնել մեծ հաջողությունների թե' Հայաստանի և թե' Իրանի գյուղատնտեսության ոլորտներում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Ռեիսին նշել է, որ մշտապես բարձր է գնահատել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մտահոգությունն ու գործադրած ջանքերը ոլորտի զարգացման ուղղությամբ: Նշելով, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն հնարավորություններ է բացում Հայաստանի առջև` դեսպանը վստահություն է հայտնել, որ հետագայում նոր հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը թույլ կտա ոչ միայն ավելացնել գյուղարտադրանքի ծավալները հանրապետությունում, այլ նաև ավելացնել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ: Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին առաջարկել է Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի հայ և իրանցի գործարարներին ծանոթանալ երկու երկրներում արտադրվող պարենային ապրանքատեսակներին և խթան կհանդիսանա երկկողմ կապերի աշխուժացման համար: Զրույցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր իրանցի պաշտոնակցին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը: Ի պատասխան դեսպանը տեղեկացրել է, որ Իրանի գյուղատնտեսության նախարարը առաջիկայում պլանավորել է այցելել Հայաստան` համագործակցության հետագա հեռանկարները քննարկելու և նախանշելու նպատակով: Հանդիպման ավարտին նախարարը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցել գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցության ամրապնդմանը, իսկ դեսպան Մոհամմադ Ռեիսիին մաղթել նորանոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր