211652_close_icon
views-count7421 դիտում article-date 18:24 28-11-2017

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունների մասին և ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս էլ ավելի մեծ հոգատարությամբ զարգացնել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված միջպետական հարաբերությունները: Նախագահ Սարգսյանը հանդիպման առիթով մեկ անգամ ևս իր զորակցությունն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին ավերիչ երկրաշարժի հետևանքով կրած վնասների կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ Իրանը կարճ ժամանակում կվերացնի աղետի հետևանքները: Հանրապետության Նախագահը նշել է, որ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիներին երկու երկրները կառուցել են բարեկամական և փոխըմբռնման ու հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Նախագահը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները նույն ոգով կշարունակվեն նաև ապագայում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն իրանցի գործընկերների հետ մշտապես վարում է անկեղծ ու բաց երկխոսություն և շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտգործնախարար Զարիֆը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել ինչպես նախագահ Ռոհանիի երդմնակալությանը ներկա գտնվելու, այնպես էլ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր հղելու համար: Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ իր երկրի համար հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան: Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ չնայած հայ-իրանական միջպետական հարաբերություններն արդեն 25 տարեկան են՝ ամրապնդված քաղաքական սերտ կապերով, սակայն երկու ժողովուրդների միջև հարաբերությունները դարավոր են: Նախարար Զարիֆն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը հատուկ հարգանք է տածում հայ ժողովրդի, այդ թվում՝ նրա մաս կազմող Իրանի հայ համայնքի հանդեպ: Զրուցակիցները երկուստեք կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումն ու փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը: Արտգործնախարար Զարիֆի գնահատմամբ՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հարիր չեն երկու բարեկամ երկրների ներկայիս քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Նա Հանրապետության Նախագահին տեղեկացրել է, որ հայ գործընկերոջ հետ այսօրվա բանակցությունների հիմքում ընկած են եղել հատկապես այդ ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն է ուղղված նաև Երևանում անցկացված հայ-իրանական գործարար համաժողովը: Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը և արտգործնախարար Զարիֆը գոհունակությամբ են խոսել նաև միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցության մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր