1425 դիտում
18:14 25-09-2015
Երևանի առաջին կիսամարաթոնը կանցկացվի հոկտեմբերի 4-ին
Երևանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոն՝ Երևանի կիսամարաթոնը։ Երևանյան առաջին կիսամարաթոնի կազմակերպական հարցերը, նպատակն ու կանոններն են մանրամասնել նախաձեռնողներն ու կազմակերպիչները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ
Արմեն Հարությունյանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը, «Երևանի Կիսամարաթոն» ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյան։
«Երևանի Կիսամարաթոնը Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական արդյունքներից է։ Կիսամարաթոնը Էրեբունի-Երևան տոնակատարության մաս է կազմում և նախորդելու է բուն տոնակատարությանը։ Միջոցառման նպատակն է՝ խթանել առողջ ապրելակերպը Երևանում, ինչպես նաև մարզական տուրիզմը, ստեղծել բարենպաստ պայմաններ. կիսամարաթոնի վազքի ընթացքում այլ երկրներից ժամանած մասնակիցները վազքի «երթուղու» շնորհիվ կարող են ծանոթանալ Երևանի գեղատեսիլ վայրերին։ Կարծում եմ, շատ հետաքրքիր միջոցառում է լինելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։
Սահմանվել է կիսամարաթոնի 4 մրցատարածություն՝ 21 կմ և 10 կմ՝ փորձված վազորդների համար, 2 կմ և 1կմ՝ սկսնակների համար։ 1կմ–ը մանկական վազքուղին է։ Վազքուղիները տարանջատելով՝ կազմակերպիչները պայմաններ են ստեղծել, որ կիսամարաթոնին մասնակցեն բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից և ֆիզիկական պատրաստվածությունից ու կարողություններից։
«Երբ սկսեցինք գրանցումը՝ մեծ քանակությամբ հետարքրիր հայտեր սկսեցինք ստանալ։ Այս պահին ունենք 4 բարեգործական կազմակերպություն, ովքեր մասնակցում են վազքին և դրանով ուզում են հանրության ուշադրութունը կենտրոնացնել այս պահի իրենց ծրագրերին ու խնդիրներին։ Ունենք հաշմանդամների խումբ, որը մասնակցում է 2 կմ վազքին։ Շատ կարևորում ենք, որ Երևանի առաջին կիսամարաթոնը վազքի ընտանեկան տոն լինի, և տարբեր երկարություններով վազքուղին հնարավորություն է տալիս մասնակցելու ամբողջ ընտանիքով։ Այս պահին 1200 մասնակից արդեն գրանցվել է և հաստատապես մասնակցելու է»,- ներկայացրել է ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը և հավելել, որ արտասահմանում այս միջոցառման սիրահարները անգամ արձակուրդն են նախատեսում ըստ աշխարհի տարբեր երկրներոմ անցկացվող կիսամարաթոնների։
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանն ընդգծել է, որ Երևանի կիսամարաթոնին մասնակցելու հայտեր կան ոչ միայն մոտակա տարածաշրջաններից, այլ նաև Եվրոպայի գրեթե բոլոր երկրներից և Աֆրիկյան երկրներից նույնպես։
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համար մեծ պատիվ է մասնակցել այս ծրագրի իրականացմանը։ Մեզ համար շատ կարևոր է ստեղծել նոր տեսակի կապ սփյուռքի և Հայստանի միջև։ Մենք ունենք հայրենադարձներ, որ մասնակցելու են այս վազքին, նաև սփյուռքահայեր՝ 20 երկրի, ովքեր իրենց հետ Երևան են բերելու իրենց ոչ հայ ընկերներին»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը։
Ասուլիսին ներկա էին նաև Երանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը և երգիչ, շոումեն Արամ MP3-ն, ով իր կատարումներով բեմից է խրախուսելու ու ոգևորելու մասնակիցներին։
Կիսամարաթոնում հաղթողները պարգևատրվելու են։
Կիսամարաթոնին մասնակցության անդամավճար է սահմանված՝ ըստ վազքուղու երկարության, խմբային մասնակցության դեպքում՝ զեղչերով։ Բարեգործական կազմակերպությունները և հաշմանդամություն ունեցող մասնակիցները մասնակցելու են առանց անդամավճարի։
Երևանյան առաջին կիսամարաթոնը կանցկացվի Երևանի կենտրոնական փողոցներում։
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
17:19 15-10-2016
Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում կանցկացվի «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը»
1741 դիտում
11:52 07-08-2015
Առաջին անգամ կանցկացվի վազքի Երևանի միջազգային կիսամարաթոնը
922 դիտում
22:03 12-05-2023
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի One Run միջազգային կիսամարաթոնը
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21115 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու