211652_close_icon
views-count819 դիտում article-date 15:02 24-09-2015

Ազդարարվել է պետություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի ստեղծման մասին

ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համագործակցությամբ ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵՄ աջակցությամբ սեպտեմբերի 23-ին ազդարարվել է պետություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի ստեղծման մասին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել հարթակի ստեղծման ուղղությամբ գործընկեր կազմակերպությունների ներդրած ջանքերը և կարևորել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը պետական կառավարման գործընթացներում՝ հարթակի ստեղծումն անվանելով կոալիցիա՝ պետական կառավարման մարմինների, քաղհասարակության և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև: Նախարարի տեղակալը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ.-ի միջոցառումների ծրագիրը», որն առաջնահերթ կիրառվելու է առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտներում: Որպես ծրագրի իրականացման մեխանիզմ Սուրեն Քրմոյանը կարևորել է կանխարգելիչ միջոցները` օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորում, հասարակության հետ համագործակցություն, արդյունավետ հանրային կառավարման համակարգի ձևավորում, ինչպես նաև թափանցիկ, հաշվետու, մասնակցային կառավարման համակարգի ձևավորում և քաղաքացիական հասարակության հետ համագործակցություն: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի և հակակոռուպցիոն աշխատանքային խմբերի ստեղծման մասին համատեղ հայտարարությունը, որով և ազդարարվել է Հայաստանում կոռուպցիային դեմ պայքարի լայնամասշտաբ կոնսոլիդացիայի մեկնարկը:

Նմանատիպ նյութեր