211652_close_icon
views-count825 դիտում article-date 14:00 21-09-2015

Շուտով կվերականգնվի Մեղրիի և Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ֆինանսավորումը

Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ֆինանսավորումը շուտով կվերականգնվի։ Այն ընդհատվել էր իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։ Այս մասին տեղեկացանք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա էր վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի գլխավոր կապալառու՝ իրանական «Սաներջի» ընկերությունը 2013թ. ավարտվել էր գազի բաշխման ցանցի նախագծման աշխատանքները և սկսել էր համապատասխան սարքավորումների ու նյութերի մատակարարումները: Այդ նպատակով իրանական կողմը տրամադրել էր կանխավճար՝ 800 հազար դոլար։ Այլ կերպ ասած, համաձայնագրով նախատեսված գումարի 40%-ը։ Կանխավճարը փոխանցվել էր Հայաստանում Իրանի դեսպանության հաշվին։ Սակայն դրա իրացումը կասեցվել էր։ Մասնավորապես 2013-2014 թթ. Հայաստանում Իրանի դեսպանություն էր ներկայացվել մատակարարված ապրանքների դիմաց վճարման 5 հանձնարարագիր՝ 192 հազար դոլար արժեքով։ Բայց վճարում չէր իրականացվել` ԻԻՀ ԱԳՆ-ի կողմից ծրագրի ֆինանսավորումը կասեցնելու պատճառով: Սաներջի ընկերության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ծրագրի ֆինանսավորումը կվերսկսվի: 2015թ. ընթացքում կապալառու ընկերությունը նախատեսում է Հայաստան ներկրել 475 հազար դոլարի սարքավորումներ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 18-ին կայացած նիստում ընդունեց որոշում նշված ծրագրի շրջանակներում 2015թ. ներկրվող ապրանքերի համար առաջացող հարկերի և տուրքերի 102,5 մլն դրամ վճարման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր