211652_close_icon
views-count1473 դիտում article-date 22:12 16-09-2015

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին նվիրված ընդունելությանը

Հարգելի դեսպան Սորոկին, Հարգելի դեսպան Պեշկո, Տիկնայք և պարոնայք, Այս տարի նշվում են կարևոր տարելիցներ` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, Հոլոքոսթի զոհերի հիշատակի 70-ամյակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը, ՄԱԿ-ի ստեղծման և կանոնադրության ընդունման 70-ամյակը, Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակը: Դրանք չեն վերաբերում զուտ մեր անցյալին և պատմությանը, այլև ուղղորդում են մեր ապագա քայլերը` ԵԱՀԿ ընդհանուր տարածքում համապարփակ, ընդգրկուն և անխախտ անվտանգության համայնքի ձևավորման ուղղությամբ, որը զերծ կլինի ցեղասպանություններից, պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Այս նպատակների իրագործման առանցքում անհնար է թերագնահատել Հելսինկիի եզրափակիչ ակտի կարևորությունը: Դրա ստորագրությունը հետպատերազմյան Եվրոպայի այն կարևորագույն իրադարաձություններից է, որը մեծապես պայմանավորել է ինչպես տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններն ու համագործակցության ուղղությունները, այնպես էլ էական ազդեցություն է ունեցել ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների հետագա զարգացման վրա: 1975թ.-ին Հելսինկիում հրավիրված խորհրդաժողովի յուրահատկությունը, 20-րդ դարի Եվրոպայի պատմության այլ խոշոր միջազգային համաժողովների համեմատությամբ, կայանում է նրանում, որ այն ընդհանուր սեղանի շուրջ էր հավաքել ոչ թե հաղթողներին ու պարտվածներին` սահմանելու հետպատերազմյան նոր աշխարհակարգը, այլ՝ այն երկրների ու ժողովուրդների ղեկավարներին, որոնց նպատակն էր, ինչպես նշված է Եզրափակիչ ակտի նախաբանում` նպաստել Եվրոպայում խաղաղությանը, անվտանգությանը, արդարությանն ու համագործակցությանը: Չնայած Հելսինկիի խորհրդաժողովը վերջ չդրեց պատերազմներին, բայց կարևոր է, որ այն առաջարկեց համաեվրոպական խաղաղության մի նոր մոդել, որը խարսխված է մի կողմից մասնակից երկրների համագործակցության և անվտանգության, մյուս կողմից՝ մարդու իրավունքների պաշտպանության վրա: Հայաստանը, իրականացնելով ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած իր հանձնառությունները, հանդիսանում է Կազմակերպության ակտիվ անդամներից մեկը: Սերտ համագործակցություն է ձևավորվել ԵԱՀԿ կառույցների, նաև Երևանյան գրասենյակի հետ, որն այսօր Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունն է, ինչն ինքնին խոսուն կերպով ցուցադրում է միջազգային համագործակցության հանդեպ Հայաստանի վերաբերմունքը և տարածաշրջանային առկա իրողությունները: 1975թ. Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորագրեցին 35 երկրներ: Այժմ, ԵԱՀԿ-ն 57 մասնակից երկրների կազմակերպություն է: ԵԱՀԿ ընտանիքի այս էական աճը պայմանավորված է Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառմամբ: Հելսինկիի եզրափակիչ ակտով դեռ 40 տարի առաջ սահմանված և մեզ ժառանգված դրույթների անշեղ կիրառումը Եվրոպայում խաղաղության, անվտանգության և համակեցության կարևորագույն գրավականներից մեկն է հանդիսանում, հետևաբար դրա նկատմամբ մշտական հոգածությունն ու ուշադրությունը առանցքային տեղ պետք է զբաղեցնի արդի միջազգային հարաբերություններում: Շնորհակալություն

Նմանատիպ նյութեր