1540 դիտում
19:00 15-09-2015
Ինչ անում եք, Ձե՛զ համար եք անում
Ընտանիք պահողներից, երեխաների դաստիարակությամբ զբաղվողներից հաճախ կարելի է լսել «ինչ անում եմ, Ձեզ համար եմ անում» արտահայտությունը: Հնարավոր է, որ այդ ասողը քողարկում է իր հետաքրքրությունները, շահերը կամ ցույց է տալիս, թե դրանք արհամարհում է, կամ երևակայում է, թե դրանք իրականում չկան: Այդ խոսքով դիմացինին ուղարկում է ազդակ, թե իր ամբողջ գործունեությունը չի հետապնդում սեփական շահ, հետաքրքրություն: Իսկ եթե չունի սեփական շահ ու հետաքրքրություն, ապա չունի նաև արժեքներ, սրբություններ, որոշում ընդունելու վճռականություն, կամք, ցանկություն, նպատակ և այլն: Մի խոսքով, դա մարմին, հոգի, միտք չունեցող մի արարած է, որը որպես գործիք աշխատում է իր հոգատարության տակ եղած մարդու համար, բավարարում է նրա ցանկությունները, պահանջները և ապրում նրա համար: Այդ գործիքը մարդու տեսակից հեռու, մարդու բնույթին խորթ մի արարած է: Այդպիսի արարածը ինչքան էլ նվիրվի իր երեխային կամ ամուսնուն, չի արժանանում սիրո, հարգանքի: Նրանից ձգտում են ազատվել, հեռու մնալ:
Պակաս չի տուժում նաև «ինչ անում եմ, Ձեզ համար եմ անում» խոսքը լսողը, որն այդպիսով սխալ ազդակ է ստանում մարդու, իրականության, շրջապատող աշխարհի, մարդկային հարաբերությունների մասին: Նա կարծում է, թե օրինակելի մարդը, ինչպես իր դաստիարակությամբ կամ կրթությամբ զբաղվողը չպիտի ունենա սեփական հետաքրքրություն, շահ, արժեքներ, սրբություն, գաղափար և միայն ծառայի իրեն, իր ցանկությունները բավարարելու խնդրին: Այդպիսի խոսք լսող երեխան մեծանում է քմահաճ և տառապում հիվանդագին եսակենտրոնությամբ: Նա մշտական խորթություն է զգում, չի ունենում իսկական ընկերներ, նրան չեն հետաքրքրում հասարակական խնդիրները, գաղափարները, ընտանիքը, հայրենիքը, Աստված:
«Ինչ անում եմ, Ձեզ համար եմ անում» արտահայտությունը վնասակար է թիրախի համար նաև այն դեպքում, երբ ասողը բլեֆ է անում: Որոշ ժամանակ անց լսողը պարզելու է, որ այդ արտահայտությունը բլեֆ էր և նույն բլեֆն անելու է իր հոգատարարության կամ խնամքի տակ գտնվողների նկատմամբ՝ այդպիսով ստեղծելով արատավոր շղթա: Առավել սարսափելի է, երբ «ինչ անում եմ, Ձեզ համար եմ անում» ասելիս ակնհայտ և լկտիաբար կեղծում են՝ ամենևին չհավատալով ասածին: Այդ դեպքում լսողը կարծում է, թե դաստիարակությամբ կամ կրթությամբ զբաղվողները կեղծարարներ են և թշնամաբար է տրամադրվում նրանց նկատմամբ: Այդպիսի դաստիարակ կամ ղեկավար ունեցած երեխան կամ ժողովուրդը կանխակալ անվստահությամբ է լցվում բոլոր հանրային գործիչների և ուսուցիչների նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել անարխիայի, տգիտության թագավորության և արժեքների համընդհանուր այլասերման:
Իսկ հավասարությունը, եղբայրությունը, ընտանիքն ու հայրենիքն արժևորող ազատ անհատ դաստիարակելու համար պետք է ասել, որ մարդն ինչ անում է, իր համար է անում, որովհետև ունի գաղափարներ, արժեքներ, նպատակներ, անկրկնելի է և աշխարհի հարազատ ու ներդաշնակ մասն է կազմում:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
30158 դիտում
13:22 15-01-2014
Մեզ համար կարևոր չէ՝ ինչ է ասում Իրանը, կարևորն այն է, թե նրանք ինչ են անում. Վաշինգտոն
Այս բաժնից
1666 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա